Դեպի ՀՀ կանոնավոր չվերթների թույլտվություն ստացած ընկերություններն արդեն կարող են սկսել թռիչքները |armenpress.am|
19:15 - 11 սեպտեմբերի, 2020

Դեպի ՀՀ կանոնավոր չվերթների թույլտվություն ստացած ընկերություններն արդեն կարող են սկսել թռիչքները |armenpress.am|

armenpress.am: Նախկինում դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ստացած բոլոր ավիաընկերությունները սեպտեմբերի 12-ից սկսած կարող են կրկին սկսել թռիչքներ կատարել։

Այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 11-ից արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո կանոնավոր չվերթների վերականգնման վերաբերյալ հարցին։

Արտակարգ դրության ռեժիմը երկրում ավարտվել է սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, դա նշանակում է, որ կհանվեն Հայաստանի ընդունած սահմանափակումները և կվերականգնվեն ավիաընկերություններին տրված բոլոր այն թույլտվությունները, որոնք եղել են մինչև կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը։

«Սեպտեմբերի 12-ից բոլոր այն ավիաընկերությունները, որոնք ունեն դեպի Հայաստան թռչելու թույլտվություն, կարող են առանց հայտ ներկայացնելու սկսել կարատել կանոնավոր չվերթներ։ Մարտի վերջին, բոլոր այն ավիաընկերություններին, որոնք կանոնավոր չվերթներ էին կատարում դեպի Հայաստան, տվել էինք թույլտվություն։ Մինչև հոկտեմբերի 24-ը նրանք ունեն թույլտվություններ՝ Air France, Aeroflot, Fly Dubai, Qatar Airways, Air Arabia և մի շարք այլ ընկերություններ»,- նշեց Փայասյանը՝ ավելացնելով, որ հետագայում՝ հոկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտ, կանոնավոր չվերթների թույլտվության համար ավիաընկերությունները պետք է հայտ ներկայացնեն։

Կորոնավիրուսի հետ կապված այդ թույլտվությունները կասեցվել էին, սակայն ՔԱԿ-ն այս ընթացքում հարցումներ է ուղարկել տվյալ ավիաընկերություններին, արդյոք օդային սահմանների բացվելուց հետո նրանք պատրաստ են իրականացնել կանոնավոր չվերթներ, ինչին պատասխանը դրական է եղել։ Փայասյանն ընդգծեց, որ վերջին հարցումն արվել է սեպտեմբերի սկզբին։

Դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ունեցող շատ ընկերություններ, ինչպիսիք են Aeroflot-ը, Sibir Airlines-ը, Air France-ը, Austrian Airlines-ը, արտակարգ դրության ընթացքում չարտերային հայտերի հիման վրա թռիչքներ են իրականացնել։

«Այսօր ժամը 17։00-ից սկսած դուրս են գալիս սահմանափակումները, և նախկինում մոտ 30 ավիաընկերության տված թույլտվությունները մտնում են ուժի մեջ։ Այս ընթացքում, մեր հարցումներին ի պատասխան մոտ 20 ավիաընկերություն պատասխանել է, որ պատրաստ են իրականացնել կանոնավոր չվերթներ դեպի Հայաստան։ Գուցե լինեն ընկերություններ, որոնք փոքր ուղևորահոսքի պատճառով առաջիկայում շարունակեն իրականացնել չարտերային թռիչքներ։ Հստակ պնդել, որ բոլոր կանոնավոր չվերթները կվերականգնվեն, ես չեմ կարող։ Մեզ նախապես 20-ից ավելի ավիաընկերություն հայտնել է, որ գալու են, սակայն նախապես ասածն ու փաստացին գուցե մի փոքր տարբերվեն»,- ասաց ՔԱԿ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատարը։

Նա վստահեցրեց, որ եվրոպական, ասիական ուղղությունների մի շարք ընկերություններ կշարունակեն իրենց տեմպը, սակայն դեպք է հաշվի առնել, որ գուցե որոշ երկրներ դեռևս չընդունեն մեր երկրի զբոսաշրջիկներին։ Փայասյանը հայտնեց, որ օդանավերը գոնե 70 տոկոս բեռնվածությամբ պետք է թռիչքներ կատարեն, որպեսզի ավիաընկերությունները շատ վնասներ չկրեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել