Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, մենք պատրաստ ենք վիժեցնել ցանկացած սպառնալիք․ Արմեն Գրիգորյան |factor.am|
17:55 - 02 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանն անկանխատեսելի է դարձել, մենք պատրաստ ենք վիժեցնել ցանկացած սպառնալիք․ Արմեն Գրիգորյան |factor.am|

factor.am: Հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ․

– Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել աշխարհազոր ստեղծելու նախագիծը։ Հարց է առաջանում՝ կանոնավոր բանակ ունեցող երկրի ինչի՞ն է պետք աշխարհազորը, երբ, օրինակ, Ապրիլյան պատերազմի օրերին Ստեփանակերտի հրապարակում կամավորներից տեղուդադար չկար։ Աշխարհազորի գոյության իմաստը Դուք ինչպե՞ս կբացատրեք։

– Վերջին 2-2.5 տարիներին ՀՀ անվտանգության համակարգում լայնածավալ բարեփոխումներ են կատարվել։ Ես նկատի ունեմ նոր սպառազինության ձեռքբերումից սկսած՝ մինչև սննդի համակարգի փոփոխություն, ինչպես նաև կառավարման համակարգում արդյունավետության բարձրացում, զորահավաքի ուղղությամբ հսկայածավալ աշխատանք ենք կատարել, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում ամբողջ պետության կառավարման համակարգը, տնտեսությունն ու բանակը պատրաստ լինեն պատերազմի։ Մեր գնահատականներով՝ ընդհանուր տարածաշրջանի սպառնալիքներն այնպիսին են, որ միայն բանակով անհնար է այդ հնարավոր սպառնալիքները զսպել։

Այո՛, Ադրբեջանի մասով մենք այսօր կարողանում ենք զինված, կանոնավոր բանակով այդ սպառնալիքը չեզոքացնել, նույնիսկ առավելություն ձեռք բերել, բայց տարածաշրջանում սպառնալիքներն այնպիսին են, որ հնարավոր այլ զարգացումների դեպքում մեր կանոնավոր բանակը բավարար չէ, և մեր անվտանգության համակարգն ուժեղացնելու համար ստեղծում ենք աշխարհազոր։ Ի դեպ, աշխարհազորի եզրահանգմանը մենք եկել ենք այն բանից հետո, երբ տեսել ենք, որ այլ սպառնալիքներ էլ կան, և դրանց պետք է պատրաստ լինենք։ Մենք ազգային անվտանգության ռազմավարությունում նշել ենք ՀՀ պետականության հարատևության դրույթը, և սպառնալիքներին պետք է պատրաստ լինենք։

– Պարբերաբար ակտիվանում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա տեղակայելու խոսակցությունները։ Ընդհանրապես՝ Թուրքիան միակ պետությունն է, որ բացեիբաց աջակցեց Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններում։ Թուրքական ռազմաբազայի տեղակայումն անհանգստության առիթ կլինի միայն Հայաստանի՞ համար, թե՞ ավելի լայն ռազմաքաղաքական նշանակություն կստանա այդ գործոնը։

– Ռազմաբազայի տեղակայումն Ադրբեջանում կնշանակի ամբողջ տարածաշրջանի ապակայունացում։ Թուրքիան, որպես ռազմական ուժ, տարածաշրջանում երկար տարիներ ուղղակի ներկա չի եղել, նույնիսկ դարեր ներկա չի եղել, և նման փոփոխությունը նշանակում է սպառնալիք տարածաշրջանի կայունությանը։ Եվ այս սպառնալիքը պետք է չեզոքացնել, ներուժը կա, և հնարավոր է այդ սպառնալիքը չեզոքացնել։ Այդ հնարավորություններն առկա են։

– Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի զեկույցը, որտեղ վեր կհանվեն թերացումները, սխալները Ապրիլյան պատերազմում։ Սակայն, մինչ այդ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիս տվեց՝ հայտարարելով, որ հաղթանակ է գրանցվել Ապրիլյան պատերազմում՝ չնայած տարածքային կորուստներին, և կտրուկ հերքելով, որ ինքը ՀՀ պատմության մեջ տարածք կորցրած միակ ղեկավարն է։ Սերժ Սարգսյանի փաստարկները որքանո՞վ էին համոզիչ Ձեզ համար։

– Ընդհանրապես համոզիչ չէին։ Ես կարծում եմ՝ անիմաստ մի քայլ էր։ Ընդհանրապես, եթե նայեք Սերժ Սարգսյանի այդպիսի ասուլիսները՝ նույնիսկ իր կառավարման շրջանում, հիմնականում ձախողված են եղել, և Հայաստանում քաղաքական մեմերի մեծ մասը Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսների արդյունք են։ Չսպասելով զեկույցի հրապարկմանը և ամբողջ մեղքը բարդելով կարանտինային վիճակի վրա՝ նա փորձել է մամուլի ասուլիս տալ և, կարծում եմ, դրա լավագույն գնահատականը եղել է հանրության արձագանքը։

– Հայաստանի և Արցախի Զինված ուժերի սպառազինությունը 2016-ին ոչ համահունչ է եղել Ադրբեջանի ունեցածին, ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը նշել է, որ զինամթերքի պակաս չի եղել, բայց ժամանակակից զենքերի խնդիր է եղել։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի բանակների զինվածության մակարդակն այն ժամանակ և հիմա։

– Ընդհանրապես, ռազմական կարողությունները շարունակական բարելավելու պրոցես է, և այս տեսանկյունից պետք է դա դիտարկել։ Ի դեպ, Ապրիլյան պատերազմի նախապատրաստական աշխատանքը կրկին գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվության հարցն է։ Միշտ այդպես է եղել և միշտ է այդպես լինելու։ Չկա պատմական մի շրջան, երբ նման հարցերը գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը չեն։

Նույնիսկ ասել՝ հանկարծակի է եղել, դա նշանակում է՝ ձախողում ունենալ։ Որովհետև երբ դու չես կարողանում պատշաճ գնահատել, դա քո ձախողումն է։ Հետախուզության պատասխանատուն ևս գերագույն գլխավոր հրամանատարն է։ Եվ եթե նա տեսել է, որ իրեն տալիս են ոչ պատշաճ ինֆորմացիա, որովհետև, ըստ Սերժ Սարգսյանի, իրեն զեկուցում էին մամուլի հրապարակումների ընդհանուր վերլուծություն, դա, բնականաբար, Սերժ Սարգսյանի ընդհանուր խնդիրն էր, որովհետև իր հետախուզությունն է իրեն այդպիսի զեկույց տվել։

Եթե հետախուզությունն այդպիսի խնդիր ունի, նշանակում է՝ չես կարողացել հետախուզությունը պատշաճ զարգացնել, բավարար մակարդակի հասցնել, բնականաբար՝ ձախողել ես։ Ինչո՞ւ հուլիսին չեղավ այդպես, ինչո՞ւ մենք հանկարծակիի չեկանք, որովհետև մենք գնահատական ունեցել ենք, որովհետև մենք մեր անվտանգային միջավայրն ու սպառնալիքները գնահատել ենք և պատշաճ պատրաստ ենք եղել ամեն ինչի։ Սա է տարբերությունը։

Կառավարման համակարգի ձախողումը, բնականաբար, պատասխանատուի, ռազմական գործում գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունն է։ Այսինքն՝ գցել այլ գերատեսչությունների վրա ամբողջ պատասխանատվությունը, դա նշանակում է՝ չգործել, վարքագիծ չդրսևորել որպես գերագույն գլխավոր հրամանատար։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել