Նորից հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով․ Լենա Նազարյան
21:42 - 08 հունիսի, 2020

Նորից հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով․ Լենա Նազարյան

Անհրաժեշտ ենք համարում վերստին ընդգծել, որ համավարակի կանխարգելման շրջանակներում Վրաստանի կառավարության կողմից կայացված որոշմամբ արգելված է օտաերկրացիների մուտքն իր տարածք, ուստի մեր քաղաքացիներին նորից և նորից հորդորում ենք չծրագրել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

«Այն քաղաքացները, որոնք հայտնվում են Լարսի անցակետում հայտնվում են փակուղու առաջ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու միակ հնարավոր ճանապարհն օդային ուղին է։ Ընդ որում, այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կամ Մոսկվայում ՀՀ դեսպանությունում։

Առաջիկա թռիչքները տեղի կունենան հունիսի 10-ին՝ Կրասնոդար և Միներալնիե Վոդի քաղաքներից, նախատեսված է թռիչքներ նաև Մոսկվայից, որոնց մասին դեսպանությունը պարբերաբար տեղեկացնում է։ Հայաստան վերադառնալու համար հետևեք միայն պաշտոնական, այն է՝ Ռուսաստանում մեր դիվանագիտական ծառայության մարմինների և ՀՀ ԱԳՆ կողմից տրամադրվող տեղեկատվությանը։
Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել գործող կարգին, ներդրված սահմանափակումներին և Հայաստան վերադառնալը իրականացնել Ռուսաստանում մեր դիվանագիտական ծառայության մարմինների հետ համակարգմամբ»,- գրել է Նազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել