Դատարանների վրա ճնշումների մասին հայտարարությունները զավեշտից բացի այլ տպավորություն չեն թողնում․ Բադասյան |news.am|
07:47 - 12 դեկտեմբերի, 2019

Դատարանների վրա ճնշումների մասին հայտարարությունները զավեշտից բացի այլ տպավորություն չեն թողնում․ Բադասյան |news.am|

news.am։ Քրեական ենթամշակույթի առկայությունը եւ ընդհանրապես կազմակերպված հանցավորությունը հասարակական շատ ոլորտներում է խնդիրներ առաջացնում, այդ ոլորտի խնդիրների լուծման քայլերից մեկը հենց քրեական պատասխանատվություն նախատեսելն է այնպիսի արարքների համար, որոնք մենք նկարագրել ենք։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով կառավարության մշակած կարգավորմանը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։

«Բնականաբար այդքանով ոչ սկսում է, ոչ ավարտվում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ուղղակի հանրային առավել վտանգավորության արարքները քրեականացնող նախագիծ ենք ներկայացրել»,-նշեց նա։

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ դատավորներ կան, որոնք «Երրորդ մասում» քրեական հեղինակությունների հետ են հանդիպում, հետո քրեական վճիռներ են կայացնում եւ հարցին՝ արդյոք հիմա չկա՞ն համապատասխան մեխանիզմներ նման դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար, և Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու՝ դատարնների վրա ճնշումների մասին հայտարարությանը, Բադասյանը համոզմունք հայտնեց, որ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե արդարադատություն իրականացնող անձիք ովքեր են․ «Դրա համար մենք դատական օրենսգրքում ներառել ենք դատավորների թեկնածուների ստուգման որոշակի մեխանիզմներ:

Դեռ շարունակելու ենք նման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության ինստիտուտն ենք կատարելագործում, ավելացնելու ոչինչ չունեմ, բացի նրանից, որ վերից վար կոռումպացված հստակ մեխանիզմներով գործող դատական համակարգը, որը գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի մայիս-հունիս ամիսները, որտեղ ուղղակի հաստատված դրույքաչափերով կաշառքները վերից վար, վարից վեր իջել են, օրինակ նախկին ՄԻՊ-ի հայտարարությունը, նմանատիպ դատական համակարգի պայմաններում լռել, լռել այն պայմաններում, երբ այդ համակարգը բացառապես կախված է եղել գործադիրից եւ իշխանափոխությունից հետո, երբ մենք ձեռնարկում ենք դատաիրավական բարեփոխումներ, երբ մենք ասում ենք՝ եկեք դատական համակարգի անկախությունն ապահովենք, քաղհասարակությանն ասում ենք՝ եկեք ներգրավվեք, եւ այդ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանել որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի որեւէ այլ տպավորություն չի թողնում»։

Բադասյանն ասաց, որ իր հայտարարությունը վերաբերել է նախկին դատավորներին, իսկ թե հիմա ունե՞նք դատավորներ, որոնք քրեական հեղինակությունների հետ կապ ունեն, նա ասաց. «Տեղեկությունները թող իրավապահ մարմիններն ունենան՝ նման բան կա՞, թե չկա: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել