Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
11:18 - 30 ապրիլի, 2024

Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ընտրական գործընթացներում խախտումների պատշաճ արձագանքման, դիմումների և հաղորդումների քննության, քրեական գործերի ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից, գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից, հակակոռուպցիոն կոմիտեից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Քննարկումը վերաբերել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներում խախտումների վերաբերյալ դիմումների, հաղորդումների քննության վիճակին և ընտրական հանցագործությունների քննությունների ընթացքին։

Քննարկվել են ընտրական հանցագործությունների վիճակագրության վարման, ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկատվության պատշաճ և ժամանակին տրամադրման և ընտրական հանցագործություններով վարույթների հարուցման ու պատշաճ քննություն իրականացման հետ կապված հարցեր։

Հանդիպման ավարտին որոշվել է շարունակել աշխատանքային քննարկումները` բարձրացված հարցերին լուծում տալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել