ՀՀ արդարադատության նախարարը բարձր գնահատեց հայ-վրացական համագործակցությունն իրավական ոլորտում |armenpress.am|
17:46 - 11 ապրիլի, 2024

ՀՀ արդարադատության նախարարը բարձր գնահատեց հայ-վրացական համագործակցությունն իրավական ոլորտում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը արգասաբեր համարեց Երևանում մեկնարկած հերթական՝ հայ-վրացական երկօրյա ֆորումի շրջանակներում քննարկումները՝ կարևորելով իրավական ոլորտում հայ-վրացական համագործակցությունը, որի շնորհիվ են նաև Հայաստանում որոշ բարեփոխումներ իրականացվել։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ համատեղ ասուլիսին։

«Դա մեզ հնարավորություն կտա իրականացնել նախկինում մեր արդեն նախանշված ծրագրերի գույքագրումը, թե ուր ենք մենք հասել դրանցով, ինչ հաջողություններ ունենք։ Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մի քանի բարեփոխում Հայաստանում տեղի է ունեցել հենց այս համագործակցության շնորհիվ»,-հավելեց նախարարը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում հայ-վրացական իրավական ոլորտում համագործակցության շնորհիվ է նաև Հայաստանում իրականություն դարձել Հարկադիր ծառայության թվայնացման գործընթացը, պրոբացիայի շարժական և միասնական գրասենյակները, որոնք բացվել են Վանաձորում և Գյումրիում, ինչպես նաև միջազգային, այդ թվում՝ վրացական փորձի ուսումնասիրության արդյունք են դատական բեռնաթափմանն ուղղված բարեփոխումները։

«Ես ուզում եմ վստահեցնել, որ սա մեր լավագույն համագործակցություններից է այն իմաստով, որ հենց նախարարների անձնական շփումները բավականին հաճախակի են և թիմերն այնքան են իրար հետ աշխատում, որ մեծ իրավական ընտանիք են դարձել»,-հավաստիացրեց Մինասյանը՝ հավելելով, որ վրացի գործընկերները պատրաստակամ են ներկայացնելու իրենց երկրում իրականացված վերջին ծրագրերը, որոնցից օգտվելով  հնարավոր կլինի Հայաստանում ավելի կատարելագործված բարեփոխումներ տեղայնացնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել