ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը՝ հայկական կողմից կրակոցների վերաբերյալ
20:44 - 07 ապրիլի, 2024

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը՝ հայկական կողմից կրակոցների վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին՝ ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին և այսօր՝ ապրիլի 7-ի առավոտյան ևս Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություններ է տարածում իբր հայկական կողմից սահմանային կրակոցների վերաբերյալ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի բոլոր պնդումները՝ միաժամանակ հայտնելով, որ հենց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներնն են կրակ բացում սահմանի մի շարք ուղղություններով։

Մասնավորապես՝ ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։ 

Ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել