Տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են միջազգային չափորոշիչներին. ՀՀ ՄԻՊ-ը՝ ԼՂ նախկին ղեկավարության հետ ադրբեջանական հարցազրույցների մասին
22:10 - 12 մարտի, 2024

Տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են միջազգային չափորոշիչներին. ՀՀ ՄԻՊ-ը՝ ԼՂ նախկին ղեկավարության հետ ադրբեջանական հարցազրույցների մասին

Ադրբեջական հեռուստաընկերություններից մեկը մարտի 10-ին հեռարձակել է տեսանյութ, որով ազդարարվում է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին։ Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։

Նշված կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով, այդ թվում` անձի արժանապատվությունը հարգելու և նրան ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար:

Գտնվելով անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և իրենց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ, ինչն ունի առանցքային նշանակություն։

Տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նշված անձինք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև այդ տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունիսի 5-ին Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել էր տեսանյութ, որում անդրադարձել էր հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում էր 5 հայ ռազմագերու հետ։

Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել