Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված անուններով գյուղեր երբեք չեն եղել ՀՀ տարածքում
12:46 - 12 մարտի, 2024

Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված անուններով գյուղեր երբեք չեն եղել ՀՀ տարածքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ ր Հայաստանն «անհապաղ պետք է վերադարձնի 4 գյուղերը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»։

Միևնույն ժամանակ պահանջում է ազատել 4 «օկուպացված» գյուղեր։

«Այս ֆոնին Ադրբեջանը սկսել է զորավարժություններ իրականացնել։ Ձեր գնահատականը իրավիճակին, և այս պայմաններում ինչպես եք պատկերացնում խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասաց լրագրողը՝ հարց ուղղելով Փաշինյանին։

«Զգում եմ, որ այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ և որոշակի թերըմբռնում, թյուրըմբռնում։ Որովհետև եկեք նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտեղ է, որ ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։ Ես նախ ուզում եմ անդրադառնալ նրան, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Ես առաջին անգամ վիզուալ պատասխան եմ պատրաստել (ցուցադրում է Հայաստանի քարտեզ)․ Հայաստանի Հանրապետությունը սա է»,- ասաց Փաշինյանը։

Նա առաջարկեց մի պահ մի կողմ թողնել Ադրբեջանին, այլ Հայաստանի ելակետից հանդես գանք․ «Որն է մեր ելակետը, որովհետև ասվում ա, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, և ՀՀ տարածքում, ընդ որում ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո։ Պատկերը, որ ես ցույց տվեցի, ուղղակի պատկեր չէ, ՀՀ դե յուրե ամրագրված․․․ [այս պահին ուղիղ եթերից մի հատված կտրվում է և Փաշինյանի խոսքն ամբողջությամբ չի լսվում, բայց նա, ըստ ամենայնի, նկատի ուներ, որ դա Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքն է։]»։

Այնուհետև Փաշինյանը շարունակեց խոսել Ալմա Աթայի հռչակագրից։ Նա նշեց, որ որ Ալմա Աթայի հռչակագիրը վերահաստատվել է և դարձել սահմանների և միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք, և, հետևաբար, այդ համաձայնության բերումով ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմաններից ինչ գտնվում է պայմանական ասած «այն կողմում» Ադրբեջան է, ինչ այս կողմում՝ Հայաստան է։

«Հիմա դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք որևէ ֆորմատով այդ սահմանը վերարտադրելու վրա։ Եվ հիմա էս պրոցեսում մենք պետք ա արձանագրենք, որ մենք պետք ա ելնենք դե յուրե իրողությունից․ էն, ինչ-որ Հայաստան է, Հայաստան է, էն, ինչ-որ Հայաստան չէ, Հայաստան չէ, էն, ինչ-որ Ադրբեջան է, Ադրբեջան է։ Հիմա կա ուրիշ հարց՝ որ փուլից և որտեղից սկսել դելիմիտացիայի գործընթացը։ Ամենատարբեր տեսակետներ կան, որ դելիմիտացիան պետք է ամբողջությամբ ծայրից ծայր անել, հետո նոր անդրադառնալ կոնկրետ գործողությունների և այլն։ Էս հարցի վերաբերյալ ես չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից, և այս գործընթացի շուրջ որոշում կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վելուծությունից և Հայաստանի շուրջ առկա մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները և անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ։

Բանակցային պրոցեսներում երբեմն եղել է տպավորություն, թե մենք կարող ենք որոշակի իրողությունները հաշվի առնելով սահմանի գծի վերականգնմումից հետո կամ զուգընթաց տարածքների որոշակի փոխանակումներ անել, փոխանակում էն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն էստեղ ա, բայց դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով ինչ-որ փոփոխություններ անենք, բայց ես տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն, կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը և լրացուցիչ ռիսկեր բերել, և,, այդ պատճառով ես կարծում եմ, առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք՝ հետևյալ տրամաբանությամբ [այստեղ դարձյալ խոսքն ընդհատվում է]»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ առաջիկայում այլեցություն կունենա Տավուշի մարզ՝ նաև տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար․ «Բայց այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ։ Էլի եմ ասում, երբ ես հետևում եմ մեր փորձագետների և ոչ փորձագետների գնահատականներին, տեսնում եմ, որ, այնուամենայնից, էդտեղ ինչ-որ առումով կա շփոթ և մտածողության և դիտանկյան խնդիր, և իմ դիրքորոշումն այն է, որ, ասելով որ ՀՀ անվտանգության ապահովման հարցում պետք է առանցքային և կարևոր [դարձյալ տեսանյութը ընդհատվում է]»։

Փաշինյանն ասաց, որ երեք կարևոր պայման պետք է ապահովվի․ «Իրավական հենքը տեղի ունեցող պրոցեսի, որպեսզի մենք իրավունքից և օրինականությունից դուրս որևէ բան չանենք, երկրորդը՝ ֆունկցիոնալ հարցերի լուծումը՝ ենթակառուցվածքներ և այլն, երրորդը՝ անվտանգությունը, որովհետև պետք է ապահովվի դելիմիտացված սահմանի երկայնքով ապրող մարդկանց անվտանգությունը։ Էս առումով դելիմիտացված սահմանը պետք է դառնա երկաթյա երաշխիք՝ այդ հատվածի հարատև կայունության համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել