Դատարանը սանկցիա կիրառեց Քիմիկների զորամասի գործով անհետ կորած զինծառայողի եղբոր նկատմամբ
21:55 - 22 փետրվարի, 2024

Դատարանը սանկցիա կիրառեց Քիմիկների զորամասի գործով անհետ կորած զինծառայողի եղբոր նկատմամբ

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործի քննությունը, որը հերթական անգամ անցավ լարված մթնոլորտում։

Զորամասի անձնակազմը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 21-ին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանից հրաման է ստացել՝ մեկնելու Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ մարտական առաջադրանքի, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել է մինչեւ քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։

Դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, իշխանության անգործություն ցուցաբերելու համար այս դրվագով այժմ մեղադրվում են ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն ու Քիմիկների զորամասի նախկին հրամանատար Արսեն Աբգարյանը։

Այսօրվա դատական նիստին ներկայացած վկա Արթուր Գաբրիելյանը դատարանում պատմեց, որ պատերազմը սկսելուն պես իր եղբայրը ծանուցում է ստացել, զորակոչվել է Քիմիկների զորամաս, որտեղից էլ՝ մեկնել Ագարակի զորամաս։ 

Վերջին անգամ եղբոր հետ Արթուրը խոսել է հոկտեմբերի 21-ին, եւ եղբայրը տեղեկացրել է, որ առավոտյան մեկնելու են Կիրի հանք՝ սանրման աշխատանքների, եւ 4 օր հեռախոսն անջատված է լինելու։ 2 օր անց նույն զորամասի ծանոթ տղաներից Արթուրը տեղեկացել է շրջափակման մասին, եւ ՌԴ–ից շտապել Հայաստան։ Սկսել է հանդիպումներ ունենալ, փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում․ «Մարդիկ կային՝ ավտոբուսի միջից տեսել են, որ Կիրի հանքից իրենց ձեռքով են արել, բա ուր եք գնում, մտածել են՝ բարեւ են տալիս, բայց արդյունքում մարդիկ գոռում էին, որ չգնաք էդ կողմ, այսինքն՝ սխալմամբ են էդտեղ հայտնվել, նույն պատասխանը Արսենն է մեզ տվել՝ գնացել ենք, ճամփան կոնկրետ չենք իմացել, մտել ենք շրջափակման մեջ»,– պատմեց վկան։

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը

– Այսինքն՝ Ձեզ հետ զրույցում փաստացի ընդունել է, որ Կիրի հանքում պետք է կանգ առներ,– հարցրեց հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։

– Հա, Արսենն էլ է ասել, որ մեր գործողությունը էդտեղ էր․․․ Նույն Արսենը ինձ ասել է, որ նա, ով պիտի ուղեկցեր, սխալ է ուղեկցել,– ասաց վկան՝ միաժամանակ նշելով, որ մինչ օրս այդպես էլ չի տեսել, թե ով էր այդ ուղեկցողը, լսել է միայն, որ տեղացի մարդ է ընտրվել, որպեսզի տեղանքը իմանա։

Արթուրի խոսքով՝ թե՛ Արսեն Աբգարյանը, թե՛ Զանգելանից վերադարձած զինծառայողները իրենց հակասական պատասխաններ են տվել, չեն կարողացել պարզաբանել, թե ոնց է ստացվել, որ մեկը անգամ մեկ փամփուշտ չի կրակել, իսկ մյուսները մնացել են շրջափակման մեջ. «Ես շատ անգամներ կասկածել եմ, որ Արսենի խնդիրն է, որ մեկը մյուսին հակասում է, ամեն մեկը իր գլուխը փրկելու համար ամաչում է ճիշտն ասել․․․ Ասում էին՝ իջել է Արսենը, ինքն է տեսել, որ վերեւը թուրքերն են, բայց ես մի բան չեմ հասկացել՝ եթե ինքն է իջել, բա ո՞նց եղավ, որ ինքը կարողացավ հետ գալ, իսկ իրենից հետ տղաները՝ չէ»։

Ըստ վկայի՝ իր զրուցակից զինծառայողների մի մասը հայհոյում էր Աբգարյանին, մյուս մասը՝ իր փրկիչը համարում։

– Որտեղի՞ց տեղեկությունը, որ մի պադրոն չեն կրակել,– ավելի ուշ հարցրեց մեղադրյալ Արսեն Աբգարյանը։

– Աձնակազմի տղաներն են ասել։

–Կոնկրետ անուն կա՞։

– Չէ, չկա,– ասաց վկան՝ հավելելով, որ նույն ընդհանուր զրույցների ժամանակ մարդիկ կրկնում էին, որ ունեցել են շանս՝ որեւէ գործողություն անելու եւ շրջափակման մեջ գտնվողներին հանելու, սակայն Արսեն Աբգարյանն ասել է, թե քիչ են, չեն կարող, հիմա գնան, վաղը կգան, կհանեն։

Վկան հայտնեց նաեւ, որ անձնակազմի մի մասը չի ունեցել զրահաբաճկոն եւ սաղավարտ, ինչի համար ինքը մեղադրում է հրամանատարությանը․ «Իմ պահանջն է, որ պատասխանատվության ենթարկվեն մեղավոր մարդիկ, ու մեղավորները Արսենն է, Մակարյանն է։  Քանի որ բոլորիս հայտնի է, որ տղերքը որեւէ գործողության չեն մասնակցել, ինչի համար որ գնում էին, չեն հասել իրենց նպատակին։ Ինչի՞ չեն հասել, որովհետեւ ուղեկցող մարդիկ չեն հասցրել կոնկրետ գործողության տեղը, բոլորիս հայտնի է, որ գնում էին Կիրի հանք՝ մի 15 րոպե տարածքը սանրելու, բայց արդյունքում տարել են ուրիշ տեղ, ու ընկել են շրջափակման մեջ։ Իմ ընդհանուր բողոքը էն է, որ ոչ մեկը չի գիտակցում ուր է գնացել, չիմանալով տարել են, եւ էսօր հասել ենք էս փաստին, որ կոնկրետ ես իմ եղբորից 3 տարի 5 ամիս ոչ մի տեղեկություն չունեմ»,– ասաց նա։

Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սողոյանը

Մեղադրյալ Արսեն Աբգարյանը դարձյալ հարց ուղղեց վկային․

– Ո՞նց եք պատկերացնում, որ շրջափակման միջից դուրս պրծած անձնակամզը, որ չունի զենք–զինամթերք, որը իր զինամթերքի 90 տոկոսը օգտագործել է գործողության ընթացքում, ոնց կարա մտնի գործողության։

Այս հարցի դեմ  ցանկացավ առարկել հանրային մեղադրողը, սակայն իրավիճակը դատական նիստերի դահլիճում լարվեց․

– Քեզ ճանաչելով, քո կազմակերպած ամեն ինչը ճանաչելով՝ քեզ որպես դավաճան եմ տեսնում․․․ Դու մարդ չես, դու հրամանատար չես, եթե հրամանատար լինեիր, քո ամեն ասածը չէր հակասի իրար․․․– բղավեց վկան։

Կողմերի միջեւ վիճաբանություն սկսվեց, եւ դատարանը վկայի նկատմամբ նկատողություն սանցկիա կիրառեց․

– Իսկ ես ձեզ սանցկիա եմ ասում, որ 4 տարի է՝ դատ է գնում, այստեղ նստած մեղադրյալները քո զինվորին են տարել, որ քեզ են պահել, էս մեկին, էս մյուսին, եւ այսօրվա դրությամբ ոչ մեկը չի ենթարկվել պատասխանատվության․․․ Այս մարդիկ, որ այսպես հանգիստ նստած են ու իրենց առօրյայով ապրում են․․․ Դուք մեզ ստիպում եք, որ ամեն մեկս դառնա մարդասպան․ եթե պետությունը չի դատում, կարողա ես մի օր հելնեմ, իմ վրեժը հանեմ,– վրդովվեց վկան։

Ի պատասխան՝ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը նշեց, որ քրեական գործը 4 տարի չէ, ինչ քննվում է դատարանում․ «Դատարանում իրականացվում է արդարադատություն, երբ ժամանակը գա, կպարզվի՝ ով էր մեղավոր, ով՝ չէ»,– ասաց նա։

– Արդարությունը մինչեւ գա, ծնողներ կան, առաջին նիստին ներկա էին, հիմա մահացել են արդեն, ու տենց էլ չտեսան իրենց էրեխու դատը, ով էր մեղավոր, ով պատիժը տարավ,– ասաց վկան։

Վկա Մելքոնյանը

Այսօր դատակոչված մյուս վկան Գեւորգ Մելքոնյանն էր, որը կատարվածի մասին շատ տեղեկություններ չուներ։ Նա պատմեց, որ ինքը իր երկու որդիների՝ Գարիկ եւ Գագիկ Մելքոնյանների հետ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Պատերազմը սկսելուն պես որդին՝ Գարիկը, որոշել է գալ Հայստան եւ կամավորագրվել։ Զորակոչվել է Քիմիկների զորամաս, որտեղից էլ հետագայում մեկնել է Կապան։

Հոր խոսքով՝ սկզբնական շրջանում որդու հետ բջջայինով կապի մեջ են եղել, թեեւ մարտական ուղու մասին որդին ոչինչ չի հայտնել։ Կապը ընդհատվել է հոկտեմբերի 20-ին, ինչից հետո հայրը ժամանել է Հայաստան․ «Ես մեկնեցի Կապան, որ հետաքրքրվեմ տղայիս ճակատագրով, հանդիպել եմ Արսենին, խոսակցություն է եղել,  նա՝ սպասեք մեկ օր, սպասեք երկու օր, սպասեք, շատ սպասելուց հետո տեսանք, որ իրենց կողմից ոչ մի արձագանք չկա»։ Դրանից հետո մի անգամ էլ Էջմիածնում է հանդիպել նրան, սակայն դարձյալ ոչ մի սպառիչ պատասխան չի ստացել․ «Հարցրել ենք՝ ուր են տղաները, խի գնացին, ինչ արեցին, ասում էր՝ համբերեք, լավ կլինի, կմտնենք տղերքի հետեւից, սաղին կբերենք»,– ասաց վկան՝ հավելելով, որ փրկողական գործողություններ, իր տեղեկություններով, այդպես էլ չեն եղել։

Մյուս ծնողների հետ միասին հայրը հանդիպել է նաեւ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին, փորձել նրանից պարզաբանումներ ստանալ․ «Մենք հարցրինք՝ ուր են տղաները, ոնց եղավ, ինչ եղավ, չպետք է հասնեին Զանգելան, Կիրի հանք պետք է գնային, ասաց՝ ես էլ գնայի, զոհվեի, ձեզ ո՞վ էր պատասխան տալու․․․ Էլ ոչ մի պատասխան չտվեց»։

Գեւորգ Մելքոնյանը հայտնեց նաեւ, որ ընդհանուր խոսակցություններից իր համար պարզ է դարձել, որ իմանալով, որ հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի դրոշը բարձրացված էր Զանգելանի դպրոցի տանիքին, անմեղ տղաներին տարել են այնտեղ։ Տղաները, ըստ նրա, ունեցել են մեկ ավտոմատ, երկու փամփշտատուփ, իսկ զրահաբաճկոն ոչ բոլորն են ունեցել։

Քրեական գործի շրջանակում, հիշեցնենք, մեղադրյալի աթոռին են նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Քիմիկների զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ,  43-ամյա կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանց մեղադրանքը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելուն։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել