Բեռլինն ու Եվրոպան պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններին․ Բաքվում Գերմանիայի դեսպան

 |factor.am|
15:26 - 19 փետրվարի, 2024

Բեռլինն ու Եվրոպան պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններին․ Բաքվում Գերմանիայի դեսպան |factor.am|

factor.am: Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանն անդրադարձել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը։

«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են լուծել առկա խնդիրները՝ առանց կրկին ուժի դիմելու»,- գրել է դեսպանը X-ում։

Նախօրեին Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մանրամասներ էր հայտնել եռակողմ հանդիպումից։

«Կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր՝ արդյո՞ք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում, նաև բրյուսելյան բանակցությունների ընթացքում։ Եթե այսպես ամփոփենք, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի հանդիպում»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն, դրանց կատարումը կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել