Ովքեր են ներգրավված արցախահայերի վերադարձի հարցով ստեղծված հանձնախմբում |azatutyun.am|
21:50 - 27 հունվարի, 2024

Ովքեր են ներգրավված արցախահայերի վերադարձի հարցով ստեղծված հանձնախմբում |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենադարձության նպատակով վերջերս ստեղծված հանձնախումբն արդեն աշխատում է, զուգահեռ նաև կազմն է համալրվում, «Ազատության»-ը փոխանցեց Արցախի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։

Հանձնախմբի ձևավորման մասին մոտ տասն օր առաջ հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հենց նա էլ ղեկավարում է նորաստեղծ մարմինը:

Մյուսների անունները դեռ չեն հրապարկվում, սակայն Վահրամ Բալայանը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ կազմում ներգրավված են Դաշնակցության Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Կարծր չի լինի կազմն էն առումով, որ նաև համալրումներ կլինեն։ Կարծում եմ մոտ օրերս կամբողջանա որոշակի, գոնե սկզբնական հատվածը», - ասաց Վահրամ Բալայանը։

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի լիակատար վերահսկողությունից հետո պաշտոնական Երևանն արցախցիների վերադարձի, նրանց իրավունքների և անվտանգության երաշխիքների մասին գրեթե չի խոսում:

Առանց հստակ անվտանգային մեխանիզմներ նշելու՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի մասին հայտարարություններ հնչում են միջազգային տարբեր կենտրոններից: Հանձնախումբը նաև այդ կառույցների հետ է աշխատելու, ասում է Վահրամ Բալայանը:

Կա՞ պատկերացում, թե անվտանգային ինչպիսի միջավայր պետք է լինի, որ հնարավոր լինի խոսել արցախցիների հավաքական հայրենադարձության մասին:

«Անվտանգային համակարգ գոյություն ունենա, Հայաստանի Հանրապետության հետ անմիջական կապ ունենա, անմիջական անխափան կապ ապահովվի և դրան մոտ բաներ, բնականաբար, մեկ էլ եմ ասում՝ ադրբեջանական զորք այնտեղ չի կարող լինել, հասկանալի է, որ անհնարին է, որ ադրբեջանական զորքն էնտեղ կանգնի և հայ մարդը նորմալ այնտեղ ապրի», - ասաց Բալայանը։

Սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները։

Միայն Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ինտեգրման ծրագիր ներկայացրեց, որը թղթի վրա է մնացել։ Պաշտոնական Բաքուն վստահեցնում է, թե իր Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով:

Վահրամ Բալայանի կարծիքով՝ անկախ Բաքվի դիրքորոշումից միջազգային դերակատարները շահագրգիռ են համագործակցել հանձնախմբի հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել