Դատախազությունն ուսումնասիրում է Արցախի ՆԳ նախարարի կողմից ծառայողական մեքենաները յուրացնելու վերաբերյալ հրապարակումը
 |azatutyun.am|
16:06 - 17 հունվարի, 2024

Դատախազությունն ուսումնասիրում է Արցախի ՆԳ նախարարի կողմից ծառայողական մեքենաները յուրացնելու վերաբերյալ հրապարակումը |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է հետաքննող լրագրողների երեկվա հրապարակումը՝ պարզելու՝ արդյո՞ք Արցախի ներքին գործերի նախարարն ու իր մերձավորները յուրացրել են նախարարության ավտոպարկի շուրջ երկու տասնյակ ավտոմեքենաները։ Եթե կասկածները հաստատվեն, իրավապահները քրեական գործ կհարուցեն։

«Կարեն Սարգսյանը, ներքին գործերի նախարար լինելով, նախարարության ենթակայության տակ գտնվող մեքենաները Արցախից դուրս գալու նախօրեին փոխել է իր ծանոթների անուններով, տեղափոխել Հայաստան, տեղափոխել իրեն պատկանող տարածք և ուղղակի թաքցրել», - ասում է «Փաստերի ստուգման հարթակ»-ի լրագրող Սևադա Ղազարյանը, որն այս բացահայտման հեղինակն է։

Տեղեկատվության առաջին աղբյուրը ծանոթներն են, որոնք ավտոլվացման կետում պատահական տեսել են Արցախի ներքին գործերի նախարարության ավտոմեքենաներից մի քանիսը։ Հետո լրագրողն է այցելել տարածք ու նկատել՝ դրանք ծածկված էին քողարկիչ սավանով, իսկ մոտենալն արգելվում էր։ Կասկածներն ամբողջացել են ավտոլացման պատրվակով տարածք երկրորդ անգամ այցելելիս։

«Երկրորդ ավտոլվացման փորձի ժամանակ արդեն նկարահանումներ արեցինք թաքնված, հետո փորձեցինք համեմատել մեր ունեցած ինֆորմացիան, որը մենք ստացել էինք տեսալուսանկարահանումից, այն, ինչ որ կա Արցախի մեքենաների մասով, նաև տրանզիտ համարներ կան, փորձեցինք ճշտել՝ դրանք ում անուններով են գրանցված, ու պատկերն ամբողջացավ, ու այդ ամբողջը կենտրոնանում է մի անձի՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շուրջ», - ասում է լրագրողը։

Հետո արդեն Կադաստրից պարզել է, որ Արցախից Հայաստան բերված ավտոմեքենաները կայանված են մի տարածքում, որը 2015 թվականից պատկանում է հենց Կարեն Սարգսյանին. - «Մեր հերթական այցի ժամանակ, երբ որ մենք փորձեցինք բացահայտ նկարահանումներ անել, հերթական անգամ աշխատողը թույլ չտվեց, մեր հեռախոսի համարները թողեցինք, որ զանգեն՝ տարածքի տերը զանգի, հասկանանք՝ ով է։ Դա ամսի 15-ի երեկոյան էր, 16-ի առավոտյան արդեն մեքենաները տեղում չէինք, այսինքն՝ բոլորը մի գիշերվա ընթացքում անհետացել էին տարածքից»։

Սա մի պետության գույքի մասնավորեցում է, որն այլևս գոյություն չունի, ո՞վ պետք է գնա դրա նետևից, ո՞վ պետք է այս ապօրինության դեմ բողոքի, հարցնում է լրագրողը, որը, սակայն, չի բացառում, որ նախարարն ազնիվ մղումներով է սեփականացրել, որ դրանք չթողնի Ադրբեջանին։ Բայց կա մեկ հանգամանք. - «Պահելը, մեր իմանալուց հեոո դրանք թաքցնելը, ևս մեկ անգամ տեղափոխելը, դրան մոտենալ թույլ չտալ արգելքը, այս բոլորը թույլ են տալիս կասկածել այդ բարի նպատակներին, բարի մղումներին նախարարի, առավել ևս, որ տարել է, սեփական տարածքում է պահել, առավել ևս, որ մեր Ներքին գործերի նախարարությունը տեղյակ չէ դրա մասին, այսինքն՝ որևէ առաջարկ մինչև օրս՝ երեք ամսից ավելի է անցել, տեղյակ չէ, առաջարկ չի ստացել», - նկատեց Սևադա Ղազարյանը։

Կարեն Սարգսյանն այդ գույքը կարող էր նվիրել Հայաստանի ներքին գործերի նախարարությանն, ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը։ Դանիել Իոաննիսյանը նկատում է, որ նման նախադեպ եղել էր, երբ Արցախի փրկարարներից մեկը, հասնելով Հայաստան, ձեռքի տակ ունեցած տեխնիկան նվիրել է Հայաստանին։

«Ես՝ որպես Հայաստանի հարկատու, Արցախի իշխանությունների վերցրած վարկերը իմ վճարած հարկերից փակվում են, Հայաստանի բյուջեից Արցախի իշխանությունների վերցրած տարօրինակ վարկերը փակվում են, գոնե այն գույքը, որ եկել է, հասել Հայաստան, իմանամ, որ Հայաստանի պետությանն է մնում, չի կարող այդ գույքը ինչ-որ մեկի անձնական գույքը դառնալ», - ասաց Իոաննիսյանը։

Կարեն Սարգսյանի հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվում, նա հեռախոսազանգերին չի պատասխանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել