ԳՇ պետի նախկին տեղակալն ասել է՝ պատերազմ էր, վրիպում է եղել․ Քիմիկների զորամասի գործով վկայի ցուցմունքը
13:59 - 10 հունվարի, 2024

ԳՇ պետի նախկին տեղակալն ասել է՝ պատերազմ էր, վրիպում է եղել․ Քիմիկների զորամասի գործով վկայի ցուցմունքը

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում (Զանգելան) Քիմիկների զորամասի անձնակազմի հետ տեղի ունեցած դեպքը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը բնութագրել է որպես «վրիպում»։ Խոսքն այն դեպքի մասին է, երբ զորամասի 62-հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ հայտնաբերելու եւ ոչնչացնելու հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել է քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։

Այժմ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։

Լուսանկարում՝ ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սաղոյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը

Դեպքից հետո Մակարյանի հետ հանդիպման եւ այլ մանրամասների մասին երեկ Հակակոռուպցիոն դատարանում պատմեց Քիմիկների զորամասի գործով վկա, այդ ժամանակ նույն զորամասի շտաբի ԷՀՄ տեխնիկ–օպերատոր Հասմիկ Ղուկասյանը․ «Երբ պարոն գեներալին հարցեր են հղվել, պարոն գեներալը պատասխանել է, որ դե, պատերազմ էր, վրիպում կարող էր տեղի ունենալ, տեղի է ունեցել վրիպում, ես մեղավոր չեմ։ Ես հստակ չեմ կարող ասել՝ վրիպում ասելով՝ ինչ նկատի ուներ, ուղղակի երբ ծնողները սկսեցին հարցեր տալ դեպքի հետ կապված, դեպքը ընդհանուր մեկնաբանվեց որպես վրիպում, երբ ծնողները հարցրին՝ բա Դուք ոնց եք [փրկվել], [ասաց՝] բա ես որ չվերադառնայի, ո՞վ էր ձեր հարցերին պատասխանելու, ես 12 տարեկան տղա ունեմ»,– պատմեց Հասմիկը։

Հասմիկի ամուսինը՝ Արմեն Բադեյանը, որ ծառայել է նույն զորամասում՝ որպես զորամասի հրամանատարի տեղակալ–կոմունալ շահագործման ծառայության գծով թիկունքի պետ, նույնպես մասնակցել է այդ մարտական առաջադրանքին։ Նա անհետ կորած է մինչ օրս։

Վկայի խոսքով՝ զորամասի հրամանատարն ասել է՝ գնում եք շատ վտանգավոր գործողության

Հասմիկ Ղուկասյանը մեղադրյալներից անձամբ չէր ճանաչում միայն Անդրանիկ Մակարյանին, մյուս երեքի՝ Արսեն Աբգարյանի, Սարգիս Կուլակչյանի եւ Էլլադա Հարությունյանի հետ ծառայել է նույն զորամասում։

Փոխգնդապետ Արսեն Աբգարյանը այդ ժամանակ Քիմիկների զորամասի հրամանատարն էր, այժմ մեղադրվում է իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։ Հենց նա է ղեկավարել այն անձնակազմը, որ մեկնել է մարտական հիշյալ առաջադրանքին։ Փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը, որ զորամասի շտաբի պետն էր, մեղադրվում է իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ զորամասի համալրման բաժանմունքի՝ այդ ժամանակվա պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վերջիններս դեպքի ժամանակ գտնվել են իրենց զորամասում։

Լուսանկարում՝ Հասմիկ Ղուկասյանը

Դատարանում ցուցմունք տալով՝ Ղուկասյանը պատմեց, որ Քիմիկների զորամասի անձնակազմը իր մշտական տեղակայման վայրից դուրս է եկել 2020 թ․ հոկտեմբերի 8-ին։ Մինչ հոկտեմբերի 20-ը ինքն ամուսնու հետ ամեն օր 1-2 րոպե հեռախոսազրույց է ունեցել, սակայն նրա գտնվելու վայրի, մարտական առաջադրանքների մասին ոչինչ չի իմացել։ Հոկտեմբերի 21-ից արդեն ամուսնու բջջայինն անհասանելի է դարձել։ 2 օր անց նա Պաշտպանության նախարարությունում աշխատող իր ծանոթից է տեղեկացել անձնակազմի շրջափակման մեջ ընկնելու մասին, ինչից հետո սեփական հետաքննությունն է սկսել, հանդիպել ամուսնու զինծառայակից ընկերների հետ, փորձել պարզել նրա ճակատագիրը․ «Մեկը ասում էր՝ տեսել եմ, որ դուրս է եկել, մեկը ասում էր՝ չեմ տեսել, պարոն Աբգարյանին էլ եմ զանգել, հարցրել եմ՝ Արմենից ի՞նչ լուր ունեք, որտե՞ղ է, ինչո՞ւ կապի դուրս չի գալիս, պատասխանել է՝ կգամ, կնստենք, կխոսենք»,– ասաց վկան։ Նրա խոսքով, սակայն, Աբգարյանը հետագայում հստակ տեղեկություն չի ունեցել, ասել է, որ մեքենայից իջնելուց հետո իր ամուսնուն չի տեսել, ենթադրել է՝ հնարավոր է անգամ նա ինքն իրեն կրակած լինի, որպեսզի գերի չընկնի, իրեն ուժեղ լինելու հորդորներ է տվել։

Բուն մարտական գործողության մասին եւս, ըստ վկայի, Աբգարյանը զորամասում չի խոսել, չի ներկայացրել՝ ինչ տեղի ունեցավ եւ ինչու, բայց ծնողների հետ զորամասի տարածքում առանձին զրույցներ ունեցել է։

Ընդհանուր հարցուփորձից բացի Հասմիկը նաեւ ադրբեջանական տեսանյութերն է նայել։ Զանգելանի դպրոցի վրա, ուր անձնակազմը սխալմամբ հասել է հոկտեմբերի 21-ին, ադրբեջանական դրոշը ծածանվելիս է եղել դեռ հոկտեմբերի 19-ից․ 

«Ես բոլորի հետ խոսում էի, հարցնում էի՝ Արմենի մազերը կտրվա՞ծ էին թե՞ ոչ, որպեսզի հասկանամ՝ տեսանյութերում երեւացող մարդը, որ նման է իրեն, ինքն է թե չէ, հարցնում էի՝ ի՞նչ է հագել․․․ Ես ավելի շատ նման բաներ էի հարցնում, ամեն մեկը ինչ–որ ինֆորմացիա էր տալիս, որով ես փորձում էի էդ փազլը հավաքել, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, ողջ է թե ողջ չէ․․․ Արդյունքում իմացա, որ «սանրման» աշխատանք է իրականացվել։ Երբ պարոն Աբգարյանը գործողության մասին տեղեկացրել է, ասել է, որ գնում եք շատ վտանգավոր գործողության, որ կլինեն նաեւ զոհեր, որովհետեւ գործողությունը շատ լուրջ է, հորդորել է, որ էն մարդիկ, որոնք ընտանիքներ ունեն․․․ Եղել է կամավորության սկզբունքով, ովքեր ցանկություն ունեն, մասնակցեն, ստիպողաբար չի եղել»,– պատմեց վկան։

Անձնակազմը չի ունեցել զրահաբաճկոններ, նռնակներ, կապի միջոցներ

Հասմիկ Ղուկասյանի տեղեկություններով՝ երեք ավտոբուսով եւ մեկ վիլիսով անձնակազմը պիտի հասներ մինչեւ «Կիրի հանք» կոչվող տեղանք, այնտեղից ոտքով շարունակեր, մինչդեռ շարունակել է ավտոբուսներով եւ հասել մինչեւ Զանգելանի դպրոց․ «Երբ հասել են, իջել են ավտոբուսներից, ու մեկն ասում է՝ միանգամից են կրակոցները սկսել, մեկը ասում է՝ մի քանի րոպեից մարտի մեջ են մտել, էդ խառնաշփոթից ոչ մեկը որեւէ հստակ բան չի պատմում»,- ասաց վկան՝ նշելով, որ հակառակորդի թվակազմն էլ, ըստ իր լսածի, հստակ չէ, եղել է 300-ից մինչեւ 500։

Վկայի տեղեկություններով՝ անձնակազմը չի ունեցել զրահաբաճկոններ, նռնակներ, կապի միջոցներ։ Ըստ նրա՝ պարզից էլ պարզ է, որ իրենց զորամասը լրիվ այլ գործողություն էր կատարում, իրենք մարտական գործողության չպիտի մասնակցեին։

Լուսանկարում՝ Արսեն Աբգարյանը

–Դուք զրահաբաճկոն ունեցե՞լ եք,– վկային հարցրեց մեղադրյալ Արսեն Աբգարյանը։

– Չէ։

–Ինչո՞ւ։

–Չի հատկացվել։

–Այսինքն՝ պահեստում չի եղել։

–Ոչ մի կերպ։

–․․․Ի սկզբանե ասվել է, չէ՞, որ ես, Արմենը, Փնջոյանը եւ վարորդս եղել ենք վիլիսի մեջ, հետո Փնջոյանը գնացել է, նստել Պիկապը։ Ինչի՞ համար է գնացել։

–Ես տեղեկություն չունեմ, ուղեկցող է եղել հավանաբար [պիկապում]։

–Այսինքն՝ ինչ–որ մեկը ուղեկցել է մեզ։ Բայց ոչ ոք չի՞ ասել՝ ինչի համար է Փնջոյանը իջել,– հարցրեց Աբգարյանը, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Աբգարյանը եւս չպարզաբանեց իր այդ հարցը։

Նա նաեւ հետաքրքրվեց՝ վկան տեղեկություն ունի՞, որ ինքը թույլ չի տվել իր ամուսնուն մեկնել մարտական առաջադրանքի, սակայն ամուսինը հակառակվել է․ 

– Այո, միայն չի հորդորել, նաեւ ստիպել է, բայց իմ ամուսինը չի լսել, գնացել է։

– Ինչի՞ համար է հորդորել,– հարցրեց նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը։

– Ուղղակի իրենց ընկերական․․․ Հստակ չեմ կարող ասել․․․,– ասաց վկան։

Արսեն Աբգարյանը պարզաբանեց․

– Քանի որ անձնակազմից մի խումբ էր մեկնել, մեծամասնությունը մնացել էր Կապանի զորամասում, եւ որպես վերադաս զորամասում եղել է միայն ինքը, այդ իսկ պատճառով մատակարարման խնդիրն էլ առաջադրված է եղել իրեն, ինքը անձնակազմին սնունդ պիտի մատակարեր, էդ հարցերի շուրջ կազմակերպեր բոլոր գործողությունները, քանի որ ինքը հանդիսացել է զորամասի թիկունքի պետը։

Վկայի խոսքով՝ Արսեն Աբգարյանի եւ Անդրանիկ Մակարյանի հետ հանդիպումների արդյունքում ինքը, ամեն դեպքում, իր հարցերի պատասխանները չի ստացել։ Թե ումից է վկան իր ունեցած տեղեկությունները հավաքել, դժվարացավ կոնկրետ հիշել, ասաց՝ ընդհանոր բոլորի հետ խոսել է, բայց անուններ տալ այժմ չի կարող, կարող է ասել միայն, որ մանրամասն տեղեկություններ ունեցել են զինծառայողներ Գեորգի Հախնազարովը եւ Սահակ Կիրակոսյանը։ Զորամասի հրամանատարի գործողությունների մասին, ըստ նրա, զինծառայողները իրեն ոչինչ չեն պատմել։

Մեղադրողը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցերին, թե ինչու անձնակազմը ավտոբուսներից չի իջել եւ ինչու է նախատեսված վայրից ավելի հեռուն գնացել, վկան պատասխաններ չուներ, ասաց՝ իրեն հայտնի է միայն, որ երկու խումբ է եղել․ «Ըստ իմ տեղեկությունների՝ ի սկզբանե երկու խումբ է եղել․ մեկը ղեկավարել է Անդրանիկ Մակարյանը, մյուսը՝ Արսեն Աբգարյանը։ Քանի որ տեղեկություն ունեին դիվերսիոն խմբի մասին, պիտի գնային, շրջափակեին իրենց, բայց քանի որ Աբգարյանի խումբը սխալմամբ թե չգիտեմ՝ ինչի հետեւանքով հայտնվել է շրջափակման մեջ, տեղի է ունեցել այս դեպքը։ Պարոն Մակարյանի խումբը՝ էլի 62-հոգանոց, եղել է ինչ–որ սարի հետեւում, հիմնականում կապի գնդի ստորաբաժանում է եղել, ու երբ մերոնք հայտնվել են շրջափակման մեջ, մերոնց մեջ 12 հոգի հետախուզող է եղել, մեր 12–ը եւ պարոն Մակարյանի խմբի 12-ը իրար ճանաչելիս են եղել հետախուզության զորքերից, շրջափակման մեջ գտնվողները զանգել են, խնդրել են իրենց օգնություն ցուցաբերեն, բայց էնտեղից, հստակ չեմ կարող ասել ինչ պատճառներով, ամեն դեպքում, օգնություն չի հասել»,– պատմեց Հասմիկը։

Լուսանկարում՝ Դավիթ Նավասարդյանը

Ավելի ուշ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով, որ նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ։

Մասնավորապես, նախաքննության ժամանակ  վկան ավելի մանրամասն էր պատմել այս դրվագի մասին, նշել, որ հետախույզներից Լյուդվիգը զանգահարել է Գեւորգին (հայտնի է Գիվի անվամբ),  կցկտուր մի քանի բառ ասել, եւ Գեւորգը, հասկանալով, որ մյուս խումբը ընկել է շրջափակման մեջ, Անդրանիկ Մակարյանին առաջարկել է կրակել հակառակորդի ուղղությամբ, նրանց ուշադրությունը շեղել, սակայն Մակարյանը, հեռախոսով խոսելով ինչ–որ մեկի հետ, իրենց նահանջի հրաման է տվել։

Ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, որ նախաքննության ժամանակ իր հիշողությունն ավելի թարմ է եղել, հիմա այդ մասին չի հիշել, այդ իսկ պատճառով չի նշել։

Նախաքննության ժամանակ վկան ասել էր նաեւ, որ հարցին, թե ինչու չէին ունեցել պայթուցիկներ, Արսեն Աբգարյանը պատասխանել է՝ եթե տային, ավտոբուսների մեջ խաղալու էին դրանց հետ, եւ կարող է՝ իրենք իրենց վնասեին։ Ասել է նաեւ, որ կրակոցները սկսվելուց հետո Աբգարյանը, հավանաբար հասկանալով, որ շրջափակման մեջ են ընկնելու, տվել է նահանջի հրաման։ Այս մասին եւս դատարանում վկան չէր նշել։

Ի վերջո, տեղի ունեցածը վրիպում էր թե միտում հարցին Հասմիկ Ղուկասյանը չկարողացավ հստակ գնահատական տալ։

Վկայի տեղեկություններով՝ Գեւորգ Նշանյանը զորամաս է վերադարձել առանց գրավոր թույլտվության

Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը Հասմիկ Ղուկասյանին խնդրեց պատմել՝ ինչ է իրեն հայտնի Գեւորգ Նշանյանի՝ զորամաս վերադարձի մասին։ Նա ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդին է, որի՝ մարտական գործողություններից առերեւույթ խուսափելու հանգամանքը կոծկելու մեջ այժմ մեղադրվում են  Սարգիս Կուլակչյանն ու Էլլադա Հարությունյանը։

Վկան պատմեց, որ Գեւորգ Նշանյանը զորամասի կազմով մեկնել է մարտական գործողության հոկտեմբերի 8-ին, սակայն օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, 12-ին կամ 13-ին, առանց որեւէ փաստաթղթի վերադարձել է մշտական տեղակայման վայր՝ պատճառաբանելով, որ անհետ կորած բարեկամ ունի, որի որոնողական աշխատանքներով պետք է զբաղվի։

Հարցին, թե ինչու նրա վերադարձը գրանցամատյանում չի արձանագրվել, վկան պատասխանեց՝ իբրեւ պիտի հետ դառնար։ Սակայն նա այդպես էլ չի վերադարձել մարտական գործողության վայր, հետագայում մարտական գործողության մասնակցության պարգեւատրում է ստացել։

Լուսանկարում՝ ձախից՝ պաշտպաններ Ամրամ Մակինյանը, Մարտիկ Մարտիրոսյանը

Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը հետաքրքրվեց․

– Թույլտվությա՞մբ է վերադարձել։

– Ես հստակ չգիտեմ, իմ ունեցած տվյալներով՝ գրավոր թույլտվություն չի եղել։

– Առանց զորամասի հրամանատարին տեղեկացնելու հնարավորություն ունե՞ր գալու։

– Չէ,- պատասխանեց վկան։

–Այսինքն՝ առնվազն զորամասի հրամանատարի հրաման կամ թույլտվություն եղել է,– եզրահանգեց պաշտպանը։ 

Հասմիկ Ղուկասյանը նշեց՝ տվյալ դեպքում անձը պիտի հրամանագրվեր երկու տեղում էլ․ թե՛ այնտեղ, որտեղից դուրս է եկել, թե՛ այնտեղ, որտեղ վերադարձել է, սակայն եթե մի տեղից նրա ելքը չի հրամանագրվել, շարային մասի պետը մյուս տեղում վերադարձը հրամանագրել չէր կարող։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 22-ին։

Գլխավոր լուսանկարում՝ վկա Հասմիկ Ղուկասյանը, դատավոր Սարգիս Դադոյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել