Դատարանը մերժեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործը դռնփակ քննելու միջնորդությունը
17:58 - 08 հունվարի, 2024

Դատարանը մերժեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործը դռնփակ քննելու միջնորդությունը

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ  Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանում այսօր նշանակված էր հերթական դատական նիստը։

Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, մեղադրվում է  2020 թ․ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ 

Շուրջ երկու տարվա դատական քննությունից հետո նրա վերաբերյալ գործը քննող դատավորը փոխարինվեց մեկ այլ դատավորով, ինչի արդյունքում ավարտական փուլում գտնվող գործի քննությունը վերսկսվեց ամենասկզբից։

Ըստ այդմ, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր ապացույցների, մասնավորապես գործում առկա տեսանյութերի հետազոտումը, սակայն հերթը դրան չհասավ։ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը նիստի սկզբում հայտարարեց, որ պաշտպանական կողմը քրեական գործի հետագա քննությունը դռնփակ իրականացնելու միջնորդություն ունի։

Քրեական դատավարության նախկին օրենսգիրքը (1998 թ․), որի կարգավորումներով քննվում է այս գործը, սահմանում է, որ գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ: Հաշվի առնելով օրենքի այս պահանջը՝ դատավորը խնդրեց դատավարության մասնակի չհանդիսացող անձանց լքել նիստերի դահլիճը։ Այդպիսով, լրագրողները միջնորդության բովանդակային քննությանը չմասնակցեցին։ 

Մեզ հայտնի դարձավ, որ պաշտպանական կողմը դռնփակ քննություն իրականացնելու միջնորդությունը ներկայացրել է՝ դատական նիստի ընթացքում անվտանգության նկատառումներից ելնելով, հաշվի առնելով պաշտպանական եւ տուժող կողմերի միջեւ պարբերաբար սրվող լարվածությունը։ Տուժող եւ մեղադրող կողմերն առարկել են միջնորդության դեմ՝ պնդելով, որ դատարանն ի զորու է ապահովել անվտանգությունը դռնբաց քննության պայմաններում։

Լսելով կողմերին՝ դատարանը մերժել է միջնորդությունը։ Դրանից հետո գործի բովանդակային քննություն այլեւս տեղի չի ունեցել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 19-ին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Վերանյանը, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմին Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։ 

Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով, ըստ քրեական գործի, պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:

Անդրանիկ Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել