Ալիեւ. Փաշինյանի հետ հանդիպումը պետք է «արդյունքի միտված լինի» |mediamax.am|
13:08 - 06 դեկտեմբերի, 2023

Ալիեւ. Փաշինյանի հետ հանդիպումը պետք է «արդյունքի միտված լինի» |mediamax.am|

mediamax.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը պետք է լավ նախապատրաստված եւ «արդյունքի միտված լինի»:

Ելույթ ունենալով «Ղարաբաղ. Վերադարձ տուն 30 տարի անց, ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» համաժողովում՝ Ալիեւն ասել է, որ իր օգնականը մշտական կապի մեջ է Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի աշխատակազմի հետ:

Խոսելով Գրանադայի հանդիպումից իր հրաժարվելու պատճառների մասին, Իլհամ Ալիեւն ասել է, որ դրանք երեքն էին:

Առաջինը, նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնի «կողմնակալ դիրքորոշումն է»:

«Երկրորդը հերթական հակաադրբեջանական բանաձեւն էր, որը Եվրոպական Խորհրդարանը ընդունեց ճիշտ այն օրը, երբ նախատեսված էր իմ մեկնումը Գրանադա: Երրորդ պատճառն այն էր, որ այդ հանդիպումը լավ պատրաստված չէր՝ այն տեղի էր ունենալու մեր հակաահաբեկչական գործողությունից երկու շաբաթ անց, երբ իրավիճակը տեղում ամբողջությամբ փոխված էր», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Խոսելով միջնորդական ձեւաչափերի մասին, Իլհամ Ալիեւն ասել է, որ ներկայում մնում են Մոսկվայի եւ ԵՄ հարթակները, քանի որ «եթե Միացյալ Նահանգներն ասում են, որ այլեւս չեն կարող Ադրբեջանի հետ սովորականի պես շարունակել հարաբերությունները, դա վերաբերվում է բոլոր ուղղություններին»:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ արտահայտության հեղինակ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենն այսօր Բաքվում է եւ ինքը հույս ունի լսել նրանից, որ հարաբերությունները շարունակվելու են business as usual սկզբունքով:

«Հակառակ դեպքում կմնան միայն Մոսկվայի եւ Բրյուսելի ֆորմատները, ինչպես նաեւ մեր երկկողմ շփումները հայկական կողմի հետ», - ասել է Ալիեւը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել