«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում՝ ռազմական ճանապարհով»․ Ալիև |azatutyun.am|
12:48 - 06 դեկտեմբերի, 2023

«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում՝ ռազմական ճանապարհով»․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am:«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով ֆորումի ժամանակ։

«Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով», - ասել է Ալիևը։

Ընդգծելով, որ Մինսկի խմբի համանախագահները միակարծիք էին, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, պետության ղեկավարը շեշտել է՝ Բաքուն ապացուցել է, որ երեք (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսի) երկրներն էլ սխալվել են։

«Չնայած իրենց պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, դրան չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ», - ասել է Ալիևը։

Բաքվի վերաինտեգրման առաջարկները դեռ ուժի մեջ են, և գրանցման պորտալը գործում է, այսօր նաև հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Երկուուկես տարի առաջ, երբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը, տեսանք, որ Ղարաբաղում հայկական մեծ զորախումբ կա, որոնք անտեսում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները», - ասել է Ալիևը։

Խոսելով Խաղարաբղի հայերի ճակատագրից՝ Ադրբեջանի նախագահն ասել է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Բաքվի դիրքորոշումը հստակ էր՝ կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և նրանց համար ստեղծված են բոլոր իրավական դաշտերը, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում։

«Լաչին վերադարձած բնակիչների հետ հանդիպմանը ես ասացի, որ եթե անջատողական առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք սրտի, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր անջատողականների առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք Բաքվում սպասում են մեր դատական համակարգի վերջնական վճռին», - ասել է Ալիևը։

Անդրադառնալով ղարաբաղի հայերի հետ բանակցությունների Ադրբեջանի նախագահը նշել է՝ «նրանք հրաժարվեցին հանդիպել Եվլախում, իսկ սեպտեմբերյան դեպքերից հետո իրենք երկու անգամ եկան այնտեղ»։

«Մեր ներկայացուցիչների և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ մենք առաջարկեցինք վերաինտեգրման մեխանիզմներ, սակայն և՛ Հայաստանի կառավարությունը, և՛ անջատողականների առաջնորդները, որոնք այժմ սպասում են դատավարությանը Բաքվի մեկուսարանում, հեգնանքով ընդունեցին վերաինտեգրման մասին իմ խոսքերը։ Մենք առաջարկել ենք նաև երկրորդ հանդիպումն անցկացնել Եվլախում, և ընդհանրապես այդ հանդիպումները դարձնել կանոնավոր։ Այս առաջարկը մերժվեց», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով՝ իսկ «հակաահաբեկչական միջոցառումներից» հետո նրանք իրենք են համաձայնել գալ Եվլախ և ոչ թե մեկ, այլ երկու անգամ։

Ալիևի խոսքով՝ Բաքվի վերաինտեգրման առաջարկները ներառում են իրավունքների և անվտանգության երաշխիքներ։

«Նրանց երաշխավորված էին իրավունքներ կրոնի, կրթության և մշակույթի ոլորտներում։ Մենք նույնիսկ նրանց երաշխավորել ենք համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունքը, և նրանք կրկին հրաժարվել են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել