Երեւանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, եւ փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է
20:33 - 05 դեկտեմբերի, 2023

Երեւանում ադրբեջանցու շրջելու մասին տեսանյութը հին է, եւ փաստ չէ, որ նկարողն ադրբեջանցի է

Այսօր համացանցում տարածվող այն տեսանյութը, որտեղ իբրեւ ադրբեջանցի Թելման Քասիմովը շրջում է Երեւանի Կոմիտաս 5Ա հասցեում գտնվող բնակելի շենքի բակում, հին է։ 

Ադրբեջանական Մինվալին տված հարցազրույցում Թելման Քասիմովը ասում է, թե ինքը ծնվել եւ 17 տարի ապրել է նշված հասցեում, իսկ այդ հասցեից Ադրբեջան տեղափոխվելուց 35 տարի անց կրկին այցելել է այնտեղ եւ նկարահանել բակն ու բնակարանը։ Քասիմովի ծննդյան տարին ֆեյսբուքյան էջում նշված է 1971 թվական։ Ըստ իր հարցազրույցի՝ գնացել է այդ հասցեից 1988-ին, իսկ վերադարձել է բակը նկարելու 35 տարի անց, այսինքն՝ այս տարի։ 

«Ինֆոքոմն» այցելել է Երեւանի Կոմիտասի 5Ա հասցե եւ այսօրվա դրությամբ համեմատել տեղանքը տեսանյութի կադրերի հետ։ Հրապարակում ենք լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ տեսանյութում առկա կադրերը չեն համապատասխանում բակի ու շենքի ներկայիս տեսքին։ 

Ինչպես երեւում է կադրերից՝ փոխվել է այդ շենքի մուտքի դուռը, երկրորդ հարկի պատշգամբը կառուցապատվել է, հանվել է տեսանյութում երեւացող ցայտաղբյուրը, ներկվել են ավտոտնակների դարպասները։ Շենքի բնակիչների պնդմամբ՝ տեսանյութում երեւացող ցայտաղբյուրը հանվել է այս տարվա ամռանը՝ օգոստոս ամսին։

Շենքի բնակիչները նշում են, որ մուտքի դուռը փոխվել է եւ պատշգամբը վերանորոգվել է 2 տարի առաջ: Սա նշանակում է, որ այս տեսանյութը նկարահանվել է առնվազն 2 տարի առաջ:

Մինչդեռ Թելման Քասիմովը իր հարցազրույցում տպավորություն է ստեղծում, թե տեսանյութը նկարահանվել է արցախցիների բռնի տեղահանումից՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հետո։ Նա, մասնավորապես, նշում է. «Պատկերացրեք, որ մինչեւ այժմ Ղարաբաղից ոչ բոլոր տեղահանվածներն են տեղավորվել եւ ապահովվել բնակարաններով։ Նրանցից շատերը դեռ շարունակում են գիշերել մեքենաներում։ Այդ մարդիկ անգործ թափառում են փողոցներում։ Ես նրանց տեսա ամենուր։ Եւ քանի դեռ ես այնտեղ էի, երկու անգամ անջատեցին հոսանքը»։

Թելման Քասիմովը տեսնյութում չի երեւում։ Տեսանյութը մոնտաժված է, մասնավորապես հանված են այն հատվածները, որտեղ մեքենաների ապակիներին կարող էր նկարահանողի արտացոլանքը երեւալ։ Պնդումը, որ տեսանկարահանողը հենց Քասիմովն է, տեսանյութում չի ապացուցվում, քանի որ խոսողի ձայնը եւ պատկերը հեշտությամբ կարելի էր մոնտաժել եւ համադրել։ 

Արդյո՞ք Կոմիտասի 5Ա շենքում ադրբեջանցի ապրել է

Շենքի բնակիչները հիշում են, որ Թելման անունով ադրբեջանցի մինչեւ 1990-ականներն ապրել է իրենց շենքում եւ նշված բնակարանում։ Նրա մոր անունը Զեմֆիռա է եղել, նրան կոչել են Զեմֆիռ խալա (մորաքույր)։ 

Շենքի հինգերորդ հարկում, որտեղ, ըստ ադրբեջանցու, նախկինում իր տունն է եղել, երեք բնակարան կա։ Տեսանյութում խոսող անձը հնչեցնում է անուններ՝ ասելով, որ նրանք իր նախկին հարեւաններն են եղել։ Այդ անուններն են Լիդա, Ռոզա։ Տեսանյութում խոսողն ասում է, թե հարկի ձախ կողմի բնակարանը իրենն է եղել։ Այդ տանն այժմ ապրում է մի կին, որն «Ինֆոքոմի» հետ զրույցում պատմեց, որ վաղուցվանից է այդտեղ տեղափոխվել, իսկ հարեւաններից լսել է, որ 80-ականներին այդտեղ ադրբեջանցի է բնակվել, որը հետո վաճառել է իր տունը հայի։ Մեկ այլ հարեւանի խոսքով՝ այդ տանն ապրող ադրբեջանցին գնացել է 1988-89թթ․-ներին՝ տունը փոխանակելով մի հայի՝ Բաքվում ունեցած տան հետ։

Հիշեցնենք, որ Թելման Քասիմովը Լաչինի միջանցքը փակած «բնապահպանական ակցիայի» առաջնորդներից է։ Ըստ «Թաթոյան» հիմնադրամի հրապարակած տեղեկությունների՝ Քասիմովը հայատյաց զինվորական է, ռազմական հատուկ հետախուզական ծառայության սպա։ Վերջինս իր սոցիալական էջերում հրապարակում է նկարներ՝ ցուցադրելով իր կապը «Գորշ գայլեր» ահաբեկչական-ազգայնական խմբի հետ։ Քասիմովը նաեւ լուսանկար է հրապարակել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի հետ:

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել