ՔՊ պաշտոնյաները մերժում են տեղեկություն տրամադրել՝ համարելով, որ օրենքն իրենց վրա չի տարածվում
15:37 - 01 դեկտեմբերի, 2023

ՔՊ պաշտոնյաները մերժում են տեղեկություն տրամադրել՝ համարելով, որ օրենքն իրենց վրա չի տարածվում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը՝ կարծելով, թե իրենք չեն ենթարկվում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին։

Այս տարվա օգոստոսի 9-ին հարցում ենք ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրատվություններ կատարած անձանց ցանկը և նվիրատվության չափը, ինչպես նաև նշել, թե ավելացած գումարը ինչպես է տնօրինվել։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի, նրա պնդմամբ, պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։ Ալեքսանյանը նշեց նաև, որ քանի որ իրենք բարձր են գնահատում լրատվամիջոցների միջոցով հանրության հետ հազորդակցությունը, երբ ազատ ժամանակ ունենան, հարցմանը կպատասխանեն։ Հարցումն ուղարկելուց գրեթե 4 ամիս անց դեռ պատասխան չենք ստացել։

Օրեր առաջ՝ նոյեմբերի 20-ին ՔՊ կուսակցությանը կրկին հարցում ենք ուղարկել՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում կուսակցությանը նվիրատվություն կատարած անձանց ցանկը։ Նոյեմբերի 28-ին ստացել ենք պատասխան՝ կիսատ տեղեկությամբ։ Կուսակցությունը շարունակում է մերժել ցանկի տրամադրումը։ «Ինֆոքոմի» հետ հեռախոսազրույցում կուսակցության վարչության փոխնախագահ, հանրային կապերի համակարգող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս մեկ անգամ պնդեց, որ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը կուսակցություններին չի վերաբերում։ Մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։ ՔՊ-ն` որպես ԱԺ վերջին ընտրություններին օրենքով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություն,  ֆինանսավորում է ստանում նաև պետբյուջեից, հետևաբար օրենքը տարածվում է կուսակցության վրա։ Այս հանգամանքը հաստատվել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական դատավարության շրջանակում դատարանների կողմից (ԵԿԴ 1391/02/09, ԵԿԴ 1524/02/12) ընդունված վճիռները։ 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ-իրավաբան, տեղեկատվության ազատության փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով մի քանի դատական գործերով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դաշտում դատարանով հաջողության է հասել՝ կուսակցությունների դեմ մի քանի ռազմավարական գործերով. «Վերջնարդյունքում ԻԱԿ-ը կուսակցություններից ստացել է տեղեկությունը։ Դատարաններն էլ համարել են, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցությունների վրա տարածվում է։ Օրենքներն ինքնաբավ չեն, դրանք կարգավորվում են ու ամբողջանում են դրանց դրույթների՝ դատարանների մեկնաբանությամբ։ Դատարաններն այդպես են մեկնաբանել, ու դա ճիշտ է ու այդպես պետք է լինի», - նշեց Գևորգ Հայրապետյանը։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ կուսակցության անդամները պնդում են, որ ՏԱ մասին օրենքն իրենց չի վերաբերում։ Նույն կարծիքին են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը և Սարգիս Խանդանյանը։ 

Հոկտեմբերի 14-ին գրավոր հարցում էինք ուղարկել ՔՊ խմբակցություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու ժամանակ սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ և արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Գրավոր հարցումը ՔՊ-ին ուղարկել ենք խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անվամբ, և ուղարկելուց հետո նրա օգնական Նատալի Սինորյանից հավաստիացել ենք, որ այն ստացել են։ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հարցման պատասխանը չենք ստացել և կապ ենք հաստատել Սինորյանի հետ՝ պատճառները հասկանալու համար։ Վերջինս տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանից հարցման վերաբերյալ որևէ հանձնարարական չի ստացել։ Խնդրել ենք ճշտել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված ժամկետի ավարտի մասին։ Սինորյանը խոստացել է ճշտել և տեղեկացնել, ինչն այդպես էլ չի արվել։ ։ Մենք փորձել ենք կապ հաստատել նաև պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։

Ինֆոքոմը փետրվարի 14-ին գրավոր հարցումներ էր ուղարկել Աժ երեք խմբակցություններին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք քննարկել են Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ ներկայացնելու հարցը՝ պայմանավորված այն բանով, որ հանրային ծառայության անցնելուց հետո նա շարունակել էր զբաղվել փաստաբանությամբ եւ գրանցումից չէր հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի իրավունքը, ըստ օրենքի, չուներ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեր հարցմանը չի պատասխանել։ Նրա օգնական Սյուզի Սարգսյանը փոխանցել է, որ դրանում նշված հարցերը հարցազրույցի բնույթ են կրում։ Դրանից բացի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ըստ Սարգսյանի, տարածվում է գործադիր իշխանության վրա, իսկ պատգամավորներին չի վերաբերում։ 

Մեկ այլ տեղեկատվության հարցում օգոստոսի 9-ին ուղարկել էինք ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ աշխատանքներ է իրականացրել միջազգային գործընկերների հետ՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։ Խանդանյանը օրենքով սահմանված ժամկետում չի արձագանքել հարցմանը, ինչից հետո զանգով հետաքրքրվել ենք պատճառների մասին։ Խանդանյանը նախ ասել է, թե այդ հարցերը հարցազրույցի հարցեր են, հետո մեկնաբանել է, թե պատգամավորների վրա չի տարածվում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ինչպես նաև զբաղվածության պատճառաբանությամբ բանավոր չի պատասխանել հարցման մեջ նշված հարցերին։ 

Տեղեկատվության ազատության փորձագետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ դեռևս 2010 թվականին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի գիտագործնական (դոկտրինալ) մեկնաբանություններ հրատարակվեցին. «Դրանց շրջանակում անդրադարձ կար նաև տեղեկություն տնօրինողների շրջանակին։ Ի թիվս այլնի՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դաշտում են գտնվում նաև պաշտոնատար անձինք»,- պարզաբանում է Հայրապետյանը։ 

ՔՊ կուսակցության նվիրատուների վերաբերյալ հարցումն անպատասխան թողնելուց հետո «Ինֆոքոմը» դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն։ ԻԱԿ-ը ևս նույն թեմայով հարցումներ էր ուղարկել ՔՊ, որոնք մնացել են անպատասխան։ «Հարցումները անպատասխան մնալուց հետո ԻԱԿ-ը դիտարկում է դատական կարգով իր՝ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը վիճարկելը», - նշեց Գևորգ Հայրապետյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել