Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
 |1lurer.am|
12:33 - 30 նոյեմբերի, 2023

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները, որոնցում դատապարտվում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի վրա նախապես ծրագրված ռազմական հարձակումը։

Անվտանգության և պաշտպանության քաղաքականության զեկույցում նշված է, որ Ադրբեջանի հարձակումը չի կարող անհետևանք մնալ, փաստաթուղթը կոչ է անում ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանության դեմ, որը պատասխանատու է նաև հրադադարի բազմաթիվ խախտումների համար, վերանայել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դադարեցնել գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Նշվում է, որ Եվրամիության հետ գործակցությունը զարգացնելու համար Ադրբեջանը պետք է առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության, էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում։

Փաստաթուղթը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ձևավորումը, Եվրոպական խորհրդին կոչ անում ավելացնել առաքելության կազմում փորձագետների թիվը, բարելավել նրա կարողությունները և աշխարհագրական շրջանակը, երկարաձգել դրա տեղակայման ժամկետը: Հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Միության առաքելության տեղակայումն իր տարածքում և Լեռնային Ղարաբաղում, պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը։

Զեկույցում ափսոսանք է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումները լրջորեն խոչընդոտել են հայ-ադրբեջանական բանակցությունները։

Զեկույցը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը, երկրի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը։ Փաստաթուղթը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, և նրա կոչերը՝ վերսկսելու Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղ բանակցությունները։ Փաստաթուղթը նաև ողջունում է Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի որոշումը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել