Միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են. Փաշինյան
 |1lurer.am|
15:36 - 24 նոյեմբերի, 2023

Միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը հարց-մտահոգությամբ դիմեց` նշելով, որ բանավոր խոսույթում արծարծվում է Մեղրիի, ընդհանրապես` Սյունիքի մարզի` ոչ անվտանգ լինելու հարցը: Արդյոք ինչ-որ սպառնացող վտա՞նգ կա Սյունիքին` հարցին վարչապետը պատասխանեց.

«Նաև որոշ միջազգային գործընկերներ երբեմն իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս գնալ հարավ, ինչը բիզնեսի համար որոշակի դժվարություններ է ստեղծում: Մյուս կողմից պետք է արձանագրեմ, որ ՀՀ Կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում ամբողջ հանրապետությունում և Սյունիքի մարզում մասնավորապես: Վերջին հինգ տարիներին ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքի մարզում` ես նկատի ունեմ Կառավարության կողմից ուղիղ ծրագրերը, 100 մլրդ դրամից ավելի ներդրումներ ենք արել Սյունիքի մարզում»:

Փաշինյանը թվարկեց` Մեղրիում ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում. վերակառուցվում է ՀՀ-Իրան սահմանին գտնվող մաքսակետը, ԵՄ աջակցությամբ ժամանակակից մաքսակետ է ստեղծվում, և դա շատ լուրջ աշխատատեղերի խթան է լինելու, շուտով սկսվում է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը:

«ԵՄ-ն ներդրումների և տնտեսական պլանի շրջանակներում արդեն իսկ բավական խոշոր հատկացումներ է արել Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու համար, Կապանում գործարկել ենք օդանավակայանը, պարբերականության, տեխնիկական հագեցվածության հետ կապված որոշակյի խնդիրներ կան, երբեմն վատ եղանակի պատճառով թռիչքները չեղարկվում են: 60 կրթահամալիրների կառուցման ծրագիր է իրականացվում Սյունիքի մարզում. սա անում ենք` հստակ քաղաքական ուղերձ հղելու համար, որ Սյունիքի հետ կապված մեր բոլոր պլանները կապվում են ռազմավարական զարգացման, բարեկեցության, տնտեսական ակտիվության և այլնի հետ: Չեմ ընդունում, որ Սյունիքի մարզը կամ Մեղրին ՀՀ-ից անջատենք. երբեմն այդ միտումն եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են»,- ասաց նա` նկատելով` այն անվտանգային խնդիրները, որ ունենք, կան և՛ Տավուշում, և՛ Արարատում, և՛ Գեղարքունիքում:

«Դրանք կան, բայց պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել, դրանք լուծելու համար է, որ մենք խաղաղության օրակարգն ենք որդեգրել, նաև միջազգային բավական ուժեղ կոնսոլիդացիա ենք ապահովել ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության շուրջ: Այսօր բացարձակ անվտանգություն, ցավոք սրտի, երկրագնդի վրա գոյություն չունի, այս նոր միջավայրում պետք է հուսալի անվտանգային մեխանիզմներ ձևավորենք. 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել մի բան` տևական դե յուրե արձանագրված պարտադիր խաղաղությունը, հենց դա ենք մենք ուզում ստանալ»,- ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել