Ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավում. նախանշվել են քրեակատարողական ոլորտի 2024-2026 թթ. հիմնական ուղղությունները
20:04 - 03 նոյեմբերի, 2023

Ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավում. նախանշվել են քրեակատարողական ոլորտի 2024-2026 թթ. հիմնական ուղղությունները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել են Պրոբացիայի ոլորտի 2024-2026 թթ. հիմնական ուղղությունները, որոնց շրջանակներում նախատեսվում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայում՝ ապահովության, անվտանգության և սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան։
 
Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում է ազատազրկված անձանց պահման պայմանների պատշաճ ապահովումը: Ըստ այդմ՝ նախատեսվում է չորս քրեակատարողական հիմնարկների փակումը և նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան:
Նախատեսվում է հաշմանդամություն և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար ապահովել արդարադատության որակյալ առողջապահության հասանելիություն, մատչելի միջավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
 
Կալանավորված կանանց և դատապարտյալների համար պետք է ապահովել կենցաղային արժանապատիվ պայմաններ՝ սանհանգույցի և այլ տարածքների բարելավման միջոցով, ինչպես նաև ստեղծել գենդերազգայուն այլ պայմաններ (մոր և մանկան բաժին, կին անձնակազմի ընդլայնում, ինչպես նաև կին ղեկավարներ):
 
Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ՔԿՀ-ների խցերը, կացարանները և անհրաժեշտ այլ տարածքներն ապահովել մատչելի պայմաններով (թեքահարթակներ, բռնակներ, ջրի հասանելի ծորակներ և այլն) և խելամիտ հարմարեցված միջոցներով (հատուկ վերականգնողական սարքավորումներ կամ օժանդակ սարքեր լսողության, տեսողության կամ խոսքի խնդիրներ ունեցող դատապարտյալների համար):
 
Նախանշված ուղղություններով նախատեսվում է շարունակել վերասոցիալականացման ծրագրերն ու այս ուղղությամբ իրականացնել դատապարտյալների մասնագիտական կրթության կարիքների գնահատում, ինչպես նաև ապահովել կրթության իրավունքի շարունակականություն և ներդնել կրթական նոր ծրագրեր:
 
ՔԿՀ-ների կառավարման համակարգի արդիականացման շրջանակում կբարելավվի ՔԿՀ-ներում և պրոբացիայի ծառայությունում էլեկտրոնային կառավարման համակարգը, ՔԿՀ-ները կզինվեն անվտանգության և հսկողության ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով, կապահովվի կառավարման արդյունավետ մեխանիզմներ և այլն:
 
Նախատեսվում է նաև մշակել ներքին հսկողության մեխանիզմ՝ կալանավորված անձանց, դատապարտյալների, ՔԿՀ-ի անձնակազմի կողմից կատարված խախտումները բացահայտելու և արձագանքելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել