Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ ոլորտը կլինի առավել վերահսկելի |armenpress.am|
09:47 - 29 հոկտեմբերի, 2019

Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ ոլորտը կլինի առավել վերահսկելի |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետությունում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման առումով լուրջ քայլեր են կատարվում: Գոյություն ունեցող համակարգն արդյունավետ չէ: Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում տնօրենի կողմից ուղղակի հայտարարությունը առ այն, որ ինքը հանդիսանում է սեփականատեր` առանց ստուգելու, տարբեր աղբյուրներով ճշտելու, չի կարող լինել արդյունավետ: Միայն հայտարարագրման գործիքը չի կարող բավարար լինել բացահայտելու իրական սեփականատերերին:

Միջազգային պրակտիկայում մեծ դերակատարում ունեն հարկային մարմինները, ֆինանսական հաստատությունները, որոնք պարտավոր են իրենց հաճախորդին ճանաչել: Այդ տեղեկության հիման վրա է ձևավորվում իրական սեփականատերը»,- ասաց Բադասյանը:

Մյուս կողմից հարց է առաջանում, թե այդ տեղեկությունը ում պետք է հասանելի լինի՝ հասանելի լինի միայն իրավապահ մարմիններին, թե ամբողջ հասարակությանը հայտնի դառնա:

«Հենց այդ պրակտիկ հարցերը առանձնացրել ենք, որպեսզի քննարկենք մեր միջազգային գործընկերների հետ, ովքեր լավագույն փորձն են կուտակում: Աշխարհում դեռևս հաստատված լուծումներ այդ հարցերին չկա: Այդ ինստիտուտը նոր է ոչ միայն Հայաստանի համար: Բոլոր հարցերը շարունակում են քննարկվել տարբեր երկրներում, տարբեր մակարդակներում»,- ընդգծեց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ իրական սեփականատերի ինստիտուտն էական նշանակություն կունենա ոչ միայն քրեական գործեր հարուցելու համար, այլ նաև հարկային հարցերով միջազգային փոխօգնության պարտականությունները կատարելու տեսանկյունից:

«Սա ևս մեկ գործիք է վերահսկելու ոլորտը` տեսնելու իրական սեփականատերերին: Շատ դեպքերում Հայաստանում ներդրում կատարողների համար հետաքրքիր է և կարևոր, թե իրականում ով է սեփականատերը այս կամ այն բիզնեսի»,- եզրափակեց Բադասյանը:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը նշեց, որ իրենց գործակալությունը մշտապես աջակցում է Կառավարությանը՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է թափանցիկ գործունեության ծավալմանը:

«Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման նպատակն է քաջալերել կամ ստիպել ընկերություններին գրանցել իրական սեփականատերերին, որպեսզի ներդրողները իմանան, թե ում հետ են համագործակցելու: Ըստ դրա կորոշեն՝ ցանկանում են արդյոք ներդրում կատարել, թե ոչ: Ներդրողները շատ ավելի վստահ են իրենց զգում ներդրումներ կատարելիս, երբ գիտեն, թե ովքեր են իրական սեփականատերերը»,- ընդգծեց Դեբորան:

Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովը կազմակերպել է Բաց կառավարման գործընկերությունը՝ Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ` Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել