Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել է նաև Շառլ Միշելը
18:30 - 26 սեպտեմբերի, 2023

Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել է նաև Շառլ Միշելը

Նախագահ Միշելի, նրա դիվանագիտական խորհրդականներ հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի դիվանագիտական խորհրդականների մասնակցությամբ, Ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ նախագահ Շառլ Միշելի խոսնակը։ 

«Նախագահ Միշելը միացավ մասնակիցներին՝ մտքերի կարճ փոխանակման համար: ԵՄ-ն մասնակիցներին հրավիրել է մտքեր փոխանակելու տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության անհետաձգելի կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ջանքերի շուրջ։

Եվրամիությունը ուշադիր հետևում է այս բոլոր իրադարձություններին և ամենաբարձր մակարդակով մասնակցում է քաղաքացիական բնակչության համար ռազմական գործողությունների հետևանքների մեղմմանն ուղղված աջակցությանը: ԵՄ-ն այս համատեքստում վերահաստատել է անցած շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ իր դիրքորոշումը:

Հիքմեթ Հաջիևը խոսել է Ադրբեջանի կողմից տեղի բնակչությանը մարդասիրական օգնության անվտանգության ապահովման ծրագրերի մասին: ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների համար թափանցիկության և հասանելիության, ինչպես նաև Ադրբեջանում Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ Բաքվի տեսլականի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում ղարաբաղահայությանը։

Հանդիպումը նաև հնարավորություն տվեց մասնակիցների միջև կարծիքների ինտենսիվ փոխանակում իրականացնել երրորդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման արդիականության վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում:

Մասնակիցներն ի գիտություն ընդունեցին Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահագրգռվածությունը՝ օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու իրենց ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Այս կապակցությամբ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպմանը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի առաջմղման հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան, անվտանգությունը, կապը, հումանիտար հարցերը և խաղաղության ավելի լայն պայմանագիրը:

Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։

ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի կողմից տարածքային ամբողջականությանը և միմյանց ինքնիշխանությանը իրենց հանձնառությունը հրապարակայնորեն հաստատելու համար՝ ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել