«Ամեն ջանք գործադրելու ենք, որ միջանցքը հնարավորինս շուտ բացվի»․ Էրդողանը դարձյալ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից
14:44 - 26 սեպտեմբերի, 2023

«Ամեն ջանք գործադրելու ենք, որ միջանցքը հնարավորինս շուտ բացվի»․ Էրդողանը դարձյալ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևան կատարած մեկօրյա այցից վերառանալիս զրուցել է լրագրողների հետ։ Նա ներկայացրել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկված ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցերը ու քննարկման արդյունքները։

Նա նշել է, որ առանձնահատուկ անդրադարձ են կատարել Ղարաբաղում տիրող իրադրությանը։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է աջակցությունը Ադրբեջանի «արդար գործին»՝ դարձյալ շնորհավորելով նրանց «Արցախում հակաահաբեկչական գործողությունը» հաջողությամբ ավարտելու համար։

Էրդողանը դարձյալ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Նա հայտարարել է, որ Նախիջևանի ու Ադրբեջանի այլ շրջանների միջև ցամաքային և երկաթուղային գծերի ուղիղ կապի հաստատումը ավելի կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները։

«Այս հզոր կապի շնորհիվ այն ամենին, ինչին մինչ այս հասել ենք քայլելով, վազելով կհասնենք։

Այդ իսկ պատճառով մենք ձեռքից եկած ամեն ջանք գործադրելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի»,- հայտարարել է Էրդողանը։

Ըստ նրա՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի բացումը ռազմավարական հարց է և անշուշտ պետք է ավարտին հասցվի։

Նա նշել է, որ միջանցքի բացվելուն պես Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է ուղիղ Կարս գալ։

«Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը էլ ավելի կուժեղանա։ Ուրախալի է, որ Իրանից ևս դրական ազդակներ կան այս հարցում»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ «Հայաստանի տարածքով անցնող միջանցքի» վեաբերյալ լրագրողի հարցին ՄԱՆ պետքարտուղարության խոսնակը պատասխանել է, որ այդ հարցի շուրջ կապի մեջ են եղել Թուրքիայի կառավարության հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել