Իլհամ Ալիևը Էրդողանի հետ հանդիպմանը դարձյալ ակնարկ է արել «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ
17:23 - 25 սեպտեմբերի, 2023

Իլհամ Ալիևը Էրդողանի հետ հանդիպմանը դարձյալ ակնարկ է արել «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ

Ինչպես արդեն հայտնել էինք Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Նախիջևանում են։ 

Էրդողանին ուղեկցել են ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության նախագահ Իբրահիմ Քալինը, նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Երկու երկրների ղեկավարները նախ դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, ապա հանդես են եկել մամուլի ասուլիսով։ 

Իլհամ Ալիևը, Նախիջևանում Էրդողանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի միջև այսօր կայացած հանդիպմանը, հայտնել է, որ դրա վերաբերյալ իրեն դեռևս տեղեկություն չեն փոխանցել, սակայն ինքը «հույս ունի, որ Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրացիայի ընթացքը հաջողությամբ իրականություն կդառնա»։

Իլհամ Ալիևը դարձյալ ակնարկ է արել «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ․ «Նախիջևանն Ադրբեջանի հնագույն հողն է։ Դժբախտաբար 1920թ․ Սովետական իշխանության կողմից «Արևմտյան Զանգեզուրը» անջատվել է, և այդպիսով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև աշխարհագրական կապն ընդհատվել է»։

Էրդողանն էլ, իր հերթին, անդրադառնալով Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակմանը, նշել է, թե հպարտության առիթ է, որ գործողությունը հաջողությամբ ավարտվել է կարճ ժամանանակատվածում․ «Սրտանց շնորհավորում եմ հաղթանակած ադրբեջանական բանակին՝ ինչպես պատմական հաջողությունների, այնպես էլ խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքի համար»,- ասել է Էրդողանը։ 

Թուրքիայի նախագհը նշել է, թե «վերջին հակաահաբեկչական գործողության հաղթանակի» արդյունքում նոր հնարավորություններ են բացվել տարածաշրջանում համապարփակ կարգավորման համար։

«Հայաստանից ակնկալում ենք, որ կբռնի իրեն մեկնած հաշտության ձեռքը և այսուհետ անկեղծ քայլեր կձեռնարկի»,- ասել է Էրդողանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել