ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իր ռազմական գործողությունները
00:42 - 22 սեպտեմբերի, 2023

ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իր ռազմական գործողությունները

Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին Ճապոնիան խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի վատթարացման կապակցությամբ եւ կոչ արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իր ռազմական գործողությունները։ 

«Իրավիճակի ցանկացած միակողմ փոփոխության փորձ անընդունելի է։ Սեպտեմբերի 20-ին համաձայնություն է ձեռք բերվել մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, թեպետ ռազմական առճակատումը դադարեցվեց, իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ ԱԽ-ն պետք է շարունակի հետեւել տեղի իրավիճակին՝ իրադարձությունների վրա դրական ազդեցություն ունենալու նպատակով», - նշել է նա։

Ներկայացուցչի խոսքով՝ ԱԽ-ն պետք է մասնավորապես շարունակի զբաղվել ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով. «Պետք է ապահովել ամենախոցելի բնակիչների, այդ թվում հիվանդների, քրոնիկ հիվանդություններ ունեցողների, տարեցների, կանանց եւ երեխաների կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը։ Մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է առանց խոչընդոտների ապահովված լինի, որպեսզի պաշտպանվեն տեղի բնակիչների անվտանգությունը եւ ապահովվեն կարիքները։ Հակամարտության լուծումը Ադրբեջանի եւ այլ կողմերի միջեւ շատ կարեւոր է Կովկաս տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության համար։ Նրանց միջեւ երկխոսությունը հույժ կարեւոր է», - ասել է ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը՝ նշելով, որ Ճապոնիան բոլոր կողմերին կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել