Մաշտոցի պուրակում հանրային քննարկումներին մասնակցած քաղաքացիները հռչակել են Արժանապատվության շարժման մեկնարկը
14:09 - 20 սեպտեմբերի, 2023

Մաշտոցի պուրակում հանրային քննարկումներին մասնակցած քաղաքացիները հռչակել են Արժանապատվության շարժման մեկնարկը

Մաշտոցի պուրակում 35 օր շարունակ հանրային քննարկմանը մասնակցող քաղաքացիները հայտարարություն են տարածել՝ հռչակելով Արժանապատվության շարժման մեկնարկը․ 

«Մենք` Մաշտոցի պուրակում 35 օր շարունակ հանրային քննարկմանը մասնակցող քաղաքացիներս, այդ քննարկումների արդյունքներով հռչակում ենք Արժանապատվության շարժման մեկնարկը, որի նպատակն է ստեղծել ստորև բերված սկզբունքներով առաջնորդվող պետություն։

Այդ սկզբունքներն են`

1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը,

2. Պետության ու դրա բոլոր քաղաքացիների պատրաստակամությունն ու պարտականությունը միմյանց անվտանգության, իրավունքների և ինքնության պաշտպանության ու զարգացման գործում,

3. Այս սկզբունքների շուրջ համակարծություն ունեցող բոլոր քաղաքացիների համերաշխությունը։

Առաջնորդվելով այս սկզբունքներով և ներպետական կյանքում բռնությունը բացառելով` մենք պատրաստվում ենք իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք Հայաստանը կդարձնեն նշված սկզբունքներին համապատասխան և մեր առջև ծառացած մարտահրավերներին համաչափ, հատուկ պետություն։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախում սանձազերծած ահաբեկչական գործողություններին ՀՀ կառավարության արձագանքն ուղիղ հակասության մեջ է մեր հռչակած սկզբունքների հետ։ Ուստի իրավիճակը ստիպում է հրատապ կարգով անդրադառնալ դրան։

Հայաստանի Հանրապետությունը և նրա քաղաքացիները չեն կարող հեռակա հետևել ՀՀ անձնագիր ունեցող, մեր հայրենակից արցախցիների ցեղասպանությանը, սեփական ճակատագիրը որոշելու նրանց իրավունքի բռնաճնշմանը։ 2020թ․ պատերազմի ընթացքը նոյեմբերի 9-ին կանգնեցրած եռակողմ հայտարարության տակ կա Հայաստանի կառավարության ղեկավարի ստորագրությունը։ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը այդ փաստաթղթով երաշխավորել են Արցախի քաղաքացիների անվտանգությունը, եթե նրանք հրաժարվեն Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների նկատմամբ իրենց վերահսկողությունից։ Արցախը դրանով զրկվել է իրեն պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներից՝ դրանք փոխարինելով երեք նշված երկրների, այդ թվում՝ Հայաստանի տրամադրած երաշխիքներով։

ՀՀ կառավարությունը բազմիցս հռչակել է, որ Արցախի հայերի իրավունքների իրացումն ու անվտանգությունն իր համար կարմիր գիծ են, և առանց դրանց ապահովման խաղաղություն չի լինելու։ Եկել է պահը, երբ Հայաստանը պետք է պաշտպանի իր կարմիր գիծը և տնօրինած ողջ գործիքակազմով տեր կանգնի իր տված անվտանգության երաշխիքներին։

Ուստի պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը հակաահաբեկչական գործողություններ իրականացնի` դադարեցնելով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները Արցախում։ Կա՛մ կառավարությունը պետք է ապահովի արցախցիների իրավունքների իրացումն ու անվտանգությունը, կա՛մ էլ հայտարարի այդ երաշխիքների ապահովման հարցում իր անգործունակության մասին և հեռանա՝ ՀՀ նոր կառավարությանը հնարավորություն տալով ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։

Ներկա փուլում մենք կառավարությունից պահանջում ենք ոչ ավելին, քան իր խոստումների կատարումն է։ Եթե կառավարությունը հրաժարվի իր հռչակած քաղաքականությունից բխող քայլերը կատարել, մենք քաղաքացիական անհնազանդության բոլոր հասանելի միջոցներով ճնշում ենք գործադրելու դրանց իրականացումը պարտադրելու ուղղությամբ։

Միաժամանակ, միջազգային հանրության պատասխանատու անդամներին կոչ ենք անում Ադրբեջանի դեմ հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու ուղղությամբ քննարկումներ սկսել։

Այս նախաձեռնության արժեքներն ու սկզբունքները կիսող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում միանալ նախաձեռնությանը` խաղաղ անհնազանդության գործողություններով քայլ առ քայլ իրականացնելու այս օրակարգը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել