Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար
16:44 - 16 սեպտեմբերի, 2023

Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է հայկական կողմին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար։

Ադրբեջանի ԱԳ-ի փոխանցմամբ Բայրամովն այսօր հանդիպել է  ԱՄՆ Պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Արբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները։

Ջեյհուն Բայրամովը մեղադրել է Հայաստանին Ակնա-Ստեփանակերտ և Լաչինի միջանցքները միաժամանակյա բացելը խոչընդոտելու համար։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարն անընդունելի է համարել, որ մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, կրկնում են Հայաստանի պնդումները՝ «քաջատեղյակ լինելով տարածաշրջանում տիրող իրավիճակին»։ Բայրամովը պնդել է, թե «Ադրբեջանը շարունակում է կառուցողական դիրքորոշում ունենալ»։

Բայրամովն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ուղերձին՝ այն որակելով «լուրջ հարված կարգավորման և խաղաղության գործընթացին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիասթափություն էր հայտնել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունների կապակցությամբ։ 

Պետքարտուղարության ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարել էր, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դեռ ավարտված չէ, Լաչինի միջանցքն արգելափակված է, և «ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի վրա անընդունելի է»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել