Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԼՂ վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը
 |1lurer.am|
20:50 - 15 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԼՂ վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հիասթափություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունների կապակցությամբ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Ելույթ ունենալով նիստում՝ պետքարտուղարության ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։ Քիմը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դեռ ավարտված չէ, Լաչինի միջանցքն արգելափակված է, և «ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի վրա անընդունելի է»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ Քիմի հայտարարությունները «հակասում են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի  միաժամանակյա օգտագործման վերաբերյալ համաձայնությանը, որը ձեռք է բերվել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև շփումների ընթացքում»։ Հաջիզադեն կարծիք է հայտնել, որ պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի» իրավունքների և անվտանգության հարցերը պետք է արտացոլվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության պայմանագրում, հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել