Եվրոպական խորհրդարանում բանաձև է ընդունվել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար |armenpress.am|
18:07 - 14 սեպտեմբերի, 2023

Եվրոպական խորհրդարանում բանաձև է ընդունվել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում բանաձև են ընդունել՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում անօրինական կերպով ձերբակալված հայտնի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին, դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խախտումները, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումներ իրականացրած ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

Բանաձևն ընդունվել է 539 կողմ, 6 դեմ և 24 ձեռնպահ ձայներով։

Եվրոպական խորհրդարանի բանաձևում նշված է, որ Գուբադ Իբադօղլուն դաժան հարձակման է ենթարկվել և կամայականորեն ձերբակալվել 2023 թ․ հուլիսի 23-ին և կասկածելի մեղադրանքներով դեռ մնում է բանտում։ Նա հայտնի է Ադրբեջանի կառավարության խիստ քննադատությամբ՝ կապված կոռուպցիայի, հանրային ֆինանսների անարդյունավետ կառավարման, թափանցիկության բացակայության հետ։

Ըստ բանաձևի տեքստի՝ նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում «շինծու մեղադրանքներով»։

Ադրբեջանում, ըստ Եվրոպական խորհրդարան ներկայացված բանաձևի, ներկայում կա շուրջ 200 քաղբանտարկյալ, այդ թվում՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ։

Բանաձևով կոչ է արվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների դեպքերը բարձրաձայնել բոլոր երկկողմ հանդիպումների և ապագա գործընկերության համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցությունների ժամանակ։ Նշվում է, որ այդ համաձայնագրերի կնքման պայման պետք է հանդիսանա բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել