ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը
 |factor.am|
11:46 - 08 սեպտեմբերի, 2023

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը։

«Այսօր կառուցողական զրույց ունեցա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական պաշարներ հասցնելու համար Լաչինի և այլ ուղիների անհապաղ ու միաժամանակ բացման ուղղությամբ առաջընթացի մասին։ Երթուղիների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են՝ չլուծված խնդիրների լուծման համար: Ողջունեցի երեք ուսանողների ազատ արձակումը»,- ասվում է X-ում Քիմի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն առևանգել էր արցախցի երեք ուսանողների, 10 օր Բաքվում պահելուց հետո նախօրեին վերադարձրել Հայաստանին։ Զրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Բայրամովը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով, իբր, «Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների աճի և իրականությունը խեղաթյուրող մանիպուլյացիաների, ինչպես նաև միջազգային հանրությանը մոլորեցնելու՝ Հայաստանի ցանկության մասին»։

Նա նաև նշել է, իբր, Ադրբեջանի ներքին գործերին «Հայաստանի միջամտության անթույլատրելիության մասին, այդ թվում՝ Ղարաբաղում ապրող հայ բնակիչներին ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու ջանքերի հարցում»։

«Հայաստանի և նրա ստեղծած անօրինական ռեժիմի կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Աղդամի ճանապարհով Ղարաբաղի հայ բնակիչների համար բեռնափոխադրումների վերաբերյալ համաձայնության, դրան զուգահեռ՝ Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացման խաթարումը վկայում է այն մասին, որ սա ոչ թե հումանիտար խնդիր է, այլ քաղաքական շահարկում»,- հայտարարել է Բայրամովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել