Պահանջում ենք հրատապ կարգով դիմել ՄԱԿ ԱԽ-ին վճռական բանաձեւ ընդունելու նպատակով․ «Բացում» շարժման դիմումը՝ ԱԳ նախարարին
14:01 - 05 սեպտեմբերի, 2023

Պահանջում ենք հրատապ կարգով դիմել ՄԱԿ ԱԽ-ին վճռական բանաձեւ ընդունելու նպատակով․ «Բացում» շարժման դիմումը՝ ԱԳ նախարարին

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ ԱԳ նախարարությանն դիմաց անցկացրել են հավաք, ինչից հետո ԱԳՆ-ին են հանձնել իրենց դիմումը՝ ուղղված նախարար Արարատ Միրզոյանի։ Դիմումը ներկայացնում ենք ստորև․ 

«Հարգելի՛ պարոն Նախարար,

Մենք՝ ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնության համակարգողներս, պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հրատապ կարգով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վճռական բանաձեւ ընդունելու նպատակով, որը կհասցեագրի Արցախում հումանիտար սարսափելի ճգնաժամը վերացնելու գործին։ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակումը անմարդկային դժվարությունների առաջ է կանգնեցրել Արցախի հայ ժողովրդին՝ զրկելով մարդու հիմնարար իրավունքներից եւ ստեղծելով հումանիտար աղետ։

Մեր պահանջը պարունակում է հետեւյալ կենսական կետերը, որոնք մենք ս.թ. օգոստոսի 29-30-ին փոխանցել ենք ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից Ամերիկայի Միացիալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդներին եւ կոչ արել՝ մարդկության առաջ ստանձնած հանձնառությունների իրականացմանը.

-Մարդասիրական օգնության փոխանցում. իրականացնել մարդասիրական օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով: Ժամանակին գործողությունները չափազանց կարեւոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը եւ լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։

-Բերձորի միջանցքի բացում եւ անխափանության ապահովում. բացել Բերձորի միջանցքը, որպեսզի ապահովվի Արցախի հայ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը, ստեղծելով երաշխիքներ դրա հետագա անխափան գործունեության համար: Այս փրկօղակը էական նշանակություն ունի հայության տառապանքը թեթեւացնելու եւ բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար:

-Պատասխանատվության հաստատում. վկայակոչելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան՝ Ադրբեջանի ղեկավարությանը եւ նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկել Արցախի հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար: Միջազգային հանրությունը պետք է համախմբված լինի նման զազրելի խախտումների եւ խոշտանգումների դեմ։

-Խախտված իրավունքների վերականգնում. հաստատել Արցախի հայ ժողովրդի իրավունքները, ներառյալ նրա կյանքի ու քաղաքական ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Այս հիմնաքարային սկզբունքը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք՝ պետք է ճանաչվի եւ հարգվի։

Ադրբեջանի ղեկավարության վերջին գործողությունները՝ ադրբեջանական Կարմիր Մահիկի Ընկերության միջոցով «մարդասիրական օգնության» փոխանցման փորձը, ակամա իրենց կողմից փաստում է Արցախում հումանիտար աղետի առկայությունը։ Բերձորի միջանցքը շրջափակելու եւ ապօրինի հսկիչ անցակետ ստեղծելու մարտավարությունը նրանց վրա է ուղղակիորեն դրել հսկայական տառապանք պատճառելու մեղքը: Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի կողմից բրիտանական BBC-ին տված օգոստոսի 30-ի հարցազրույցում նշած խոսքը այն մասին, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացելուց հետո 24 ժամվա ընթացքում Լաչինի միջանցքն էլ կբացվի, եւս փաստում է, որ Բերձորի ճանապարհը փակ է, եւ փակող կողմը հենց Ադրբեջանն է։

Մարդասիրական աղետի գոյությունը ժխտելու, կեղծ կրոնական պառակտումներ ստեղծելու եւ Արցախի Հանրապետության կառավարությանը ինքնաշրջափակման մեջ մեղադրելու Ադրբեջանի մտադրությունները միայն բացահայտեցին իրենց քաղաքականության իրական նպատակները։ Այս իրավիճակը պետք է միջազգային հանրությանը խթանի ակտիվորեն պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի բռնապետական ղեկավարությանը եւ նրա կողմնակիցներին:

Ավելին՝ մենք պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից օգտագործել այս նշանակալի զարգացումը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վճռական բանաձեւի ընդունում պահանջելու հիմք։ Եվ վստահ ենք ու վերահաստատում ենք, որ ստորեւ ամփոփված կարեւոր կետերը պետք է կենտրոնական լինեն այդ բանաձեւի համար.

-Բերձորի միջանցքով մարդասիրական օգնության անհապաղ առաքում,

-Բերձորի միջանցքի բացում, դրա անվտանգության, անարգել ու անժամկետ աշխատանքի ապահովում,

-Ցեղասպանություն իրականացնելու հիմքով Ադրբեջանի ղեկավարությանը եւ հանցակիցներին պատասխանատվության ենթարկում,

-Արցախի հայ ժողովրդի իրավունքների հաստատում, այդ թվում՝ քաղաքական իրավունքները։

ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը մարդասիրական եւ իրավական առումներով այս ճգնաժամերի պայմաններում հավատարիմ է մնում Արցախի հայ ժողովրդի տառապանքը կանխելուն, հիմնարար իրավունքների պաշտպանությանը եւ արդարության որոնմանը: Մենք մշտեռանդ ենք հայ ժողովրդի մեջ հույսը վերականգնելու, միջազգային հանրությանը տեղեկացնելու, միջազգային մեխանիզմները ակտիվացնելու եւ մեր ներքին դիմադրողականությունն ու ինքնապաշտպանական կարողությունները բարձրացնելու մեր հավաքական առաքելության գործում»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել