Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում ներկայացրել են շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
 |armenpress.am|
15:31 - 02 սեպտեմբերի, 2023

Սերժ Թանկյանն ու Արտակ Բեգլարյանը BBC-ի եթերում ներկայացրել են շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսակապի միջոցով հարցազրույց են տվել BBC հեռուստաալիքին։ Բանախոսներն հանգամանորեն անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Ադրբեջանի ապօրինի գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Թանկյանը մասնավորապես նշել է, որ ադրբեջանցիները կարողանում են կաշառել ամերիկացի ու եվրոպացի պատգամավորներին՝ իրենց նպատակին հասնելու համար, և այդ ճանապարհին օգտագործում են նաև ադրբեջանական նավթի մատակարարումների հանգամանքը։ Նրա գնահատմամբ՝ արցախյան հիմնախնդիրը, ցավոք, հայտնվել է աշխարհաքաղաքական հորձանուտում, մինչդեռ 120 հազար արցախցիներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, գտնվում են սովահարության եզրին, քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է շուրջ 9 ամիս։ 

«Ամբողջ աշխարհը Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, երկու միջազգային հեղինակավոր դատական ատյաններ նույնպես այդ առթիվ կայացրել են որոշումներ, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է անտեսել այդ ամենը։ Հարցն այն է, թե այժմ մենք բոլորս գործելու ե՞նք, թե պատրաստվում ենք հանդուրժել արցախահայերի ցեղասպանությունը, որը կարող է տեղի ունենալ 21-րդ դարում»,- ասել է Թանկյանը։

Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ պատերազմից հետո, երբ կնքվեց զինադադար, Արցախը Հայաստանին միացնող Լաչինի միջանցքը բաց մնաց հումանիտար բեռների ու մարդկանց տեղաշարժի համար, սակայն ինն ամիս առաջ Ադրբեջանն ապօրինաբար փակեց այդ կյանքի ճանապարհը։

Արտակ Բեգլարյանն իր հերթին նույնպես պնդել է, որ արցախյան հիմնախնդիրն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, և այն պահից, երբ հակամարտությունը սրվել է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, արցախցիները դարձել են նաև այդ հակամարտության զոհը։

«Միջազգային հանրության ուշադրությունը գլխավորապես սևեռված է ուկրաինական ճգնաժամի վրա։ Թուրքիան և Ադրբեջանը որոշակի կապեր ունեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, այդ պատճառով էլ միջազգային հանրությունը, դժբախտաբար, չի կարողանում արդյունավետորեն գործել Լեռնային Ղարաբաղում և կանխարգելել հնարավոր ցեղասպանությունը»,- ասել է Բեգլարյանը։

Նախկին պետնախարարի դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղը միակ տեղն է, որն ամբողջովին հայտնվել է մեկուսացման մեջ, քանի որ միջազգային կառույցները, նույնիսկ հումանիտար կազմակերպությունները չեն կարողանում մուտք գործել ԼՂՀ տարածք, անգամ ՄԱԿ-ն է զրկված այդ հնարավորությունից։

«Ադրբեջանը շրջափակել է ոչ միայն արցախահայերին, արգելափակել է ոչ միայն հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ, այլ նաև դեմ է, որպեսզի միջազգային դիտորդական խմբերն այցելեն այստեղ։ Նույնիսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին թույլ չեն տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ հունիս 15-ից ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ին ու ռուսաստանցի խաղաղապահներին թույլ չի տալիս ո՛չ սնունդ, ո՛չ էլ դեղորայք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

«Ադրբեջանը չի խոչընդոտում միայն «Կարմիր խաչի» միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայաստան հիվանդների տեղափոխմանը, ոչ ավելին»,- նշել է Բեգլարյանը և ցույց տվել այն մեծ խանութի դատարկ փեղկերը, որտեղից ուղիղ տեսակապ է հաստատվել նրա և BBC-ի միջև։  

ԼՂՀ նախկին պետնախարարը ահազանգել է, որ հացի և ալյուրի պաշարները սպառվում են, իսկ ադրբեջանցի զինվորականները շարունակ կրակում են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների վրա։ Չկա նաև համապատասխան քանակի վառելիք, որպեսզի շրջաններից այլուր տեղափոխեն Ստեփանակերտ։ Հղի կանանց 90 տոկոսը զրկված է բժշկի այցելելու հնարավորությունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել