Որևէ փորձ՝  հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է․ Արցախի ԱԳ նախարար
 |news.am|
15:17 - 02 սեպտեմբերի, 2023

Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է․ Արցախի ԱԳ նախարար |news.am|

news.am: Մենք հաջորդ տարի այս օրը՝ Արցախի անկախության օրը կտոնենք Արցախում. մենք հուսով ենք, որ ավելի շուտ ենք լինելու Ստեփանակերտում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, ինչպիսինն է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, Ղազարյանը ասաց. «1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ իր հավաքական կամքն արտահայտել է: Արցախի իշխանություններչը եղեկավարվում են միայն ու միայն այդ տրամաբանությամբ: Այս տարիների ընթացքում տարբեր հայտարարություններ են եղել, բայց  ինչպես տեսնում ենք, ավելի քան 120 հազար մեր հայրենաից իր ամենօրյա կյանքով, առանց բարձր խոսքերի, ազատ, անկախ երկրի պայմաններում է իր կյանքը շարունակում»:

Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը,  որով նա փուլային մոտեցում է առաջարկել, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը, Սերգեյ Ղազարյանն ասաց. «Որեւէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի եւ այլ ճանապարհների միջեւ, անընդունելի է: Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար: Բայց պարտադրել Արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է: Անկախ տարբեր միջազգային կառույցների պատասխանատուների հայտարարություններից, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով:

Ցավոք, մենք ականատես ենք, որ անգամ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խախտվում է Ադրբեջանի կողմից: Այս ընթացքում ադրբեջանական կողմը որեւէ քայլ չի կատարել, որը հիմքեր կտա հույս ունենալ, որ իրենք իրենց ստանձնած պարտավորությունները կկատարեն»:

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ Արցախի ժողովուրդը չի շեղվել 1991-ի դեկտեմբերի 10-ի ուղուց:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների հետ համագործակցությանը, Սերգեյ Ղազարյանն ասաց. «Պաշտոնական Ստեփանակերտն ամենօրյա ռեժիմով փոխգործակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրմանատարության հետ եւ հուսով ենք, որ խաղաղապահներն իրենց գործառույթները կկարողանան լիարժեք կատարել: Ադրբեջանական սադրանքներ գլխավոր նպատակներից մեկը նաեւ այն է, որ հեղինակազրկեն այդ առաքելությունը»:

Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին և միջազգային մեխանիզմի ներգրավվածությանն այդ բանակցություններում, Արցախի ԱԳ նախարարը ասաց․ «Այս հարցին բազմիցս անդրադարձել ենք․ Արցախը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով այս հակամարտությանը փոխընդունելի լուծումներ գտնել, բայց սա հնարավոր կլինի միայն միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Տեղյակ եք, որ միջնորդները ներգրավված են, իրենք էլ իրենց հերթին ջանքեր են գործադրում, որպեսզի ստանանք նման հնարավորություն»։ 

Սերգեյ Ղազարյանը Արցախի նախագահի հրաժարականի առնչությամբ մեկնբանություն տալ չցանկացավ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել