Բաքվում Լաչինի միջանցքի բացման մասին ամերիկյան հայտարարությունն անընդունելի են համարում
 |hetq.am|
12:05 - 01 սեպտեմբերի, 2023

Բաքվում Լաչինի միջանցքի բացման մասին ամերիկյան հայտարարությունն անընդունելի են համարում |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերի գրավոր հայտարարության մեջ տեղ գտած Լաչինի միջանցքի արգելափակման մասին պնդումները:

«Ղարաբաղի հայ բնակիչների կարիքների բավարարման, ինչպես նաև Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը, խմբ.) ճանապարհի օգտագործմանը զուգահեռ, Լաչինի ճանապարհով երթևեկության ակտիվացման, երկու ուղղություններով տասնյակ հայերի` «Լաչին» սահմանային անցակետով ամենօրյա երթևեկելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկների ֆոնին, տարածաշրջանում «շրջափակման» մասին պնդումներն անընդունելի են»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի տարածած հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը պնդում է, թե «ադրբեջանական Կարմիր մահիկի ուղարկած մարդասիրական բեռներով բեռնատարների անցումը խոչընդոտելու հայերի որոշ ներկայացուցիչների փորձերը և նրանց կողմից Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակումն անհիմն են դարձնում տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումները»։

Հաջիզադեի խոսքով՝ «ԱՄՆ-ին քաջ հայտնի է, որ ադրբեջանական կողմը բազմիցս հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հայերին հանդիպում անցկացնել՝ նրանց վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղ տարբեր երթուղիներով մարդասիրական բեռներ հասցնելու հարցերով»։ Ինչպես պնդում է ադրբեջանցի պաշտոնյան, հայկական կողմը «տարբեր պատրվակներով» հրաժարվել է այդ հանդիպումներից՝ չնշելով, որ որպես հանդիպումների վայր Բաքուն առաջարկում էր ադրբեջանական տարբեր քաղաքներ, ինչը հստակ ճնշում էր Ստեփանակերտի վրա։

«Այս առաջարկներից անընդհատ հրաժարվելը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրավիճակն ամենևին էլ մարդասիրական չէ, այլ հակառակը՝ քաղաքական բնույթ է կրում»,- պնդում է ադրբեջանցի պաշտոնյան։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Բաքուն «վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա»։ Բացի այդ, նա հավելել է, որ չեն հրաժարվում նաև «Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում հայ բնակչության վերաինտեգրման քաղաքականությունից»։

Հիշեցնենք, ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ։ «Վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգները շարունակաբար համագործակցել է կողմերի հետ, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնությունը հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Հիմնական մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- ասված էր հայտարարության մեջ։

Ամերիկյան կողմը Բաքվին և Ստեփանակերտին կոչ էր արել անհապաղ հանդիպել և պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հումանիտար օգնություն մատակարարելու շուրջ: «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որը պայմանավորված է պարենի, դեղորայքի և այլ ապրանքների մատակարարումների շարունակական արգելափակմամբ, որոնք անհրաժեշտ են արժանապատիվ կենսամակարդակի ապահովման համար»,- նշել էր ամերիկացի դիվանագետը։

Միլերը նաև հավելել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ հումանիտար բեռների, առևտրային ու ուղևորատար փոխադրումների համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել