Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
15:35 - 28 օգոստոսի, 2023

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել առաքումը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակից։ 

Վերահաստատելով ազատ տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ նախկինում արված կոչը՝ հանձնակատար Դունյա Միյատովիչը նշում է, որ շարունակում է լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և ԼՂ բնակչության մարդու իրավունքներով՝ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։

Մարդու իրավունքների հանձնակատարը նշում է, որ չնայած իր և բազմաթիվ այլ միջազգային իրավասու մարմինների կողմից արված կոչերին, տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակն էլ ավելի է վատթարացել՝ հատկապես ազդելով առավել խոցելի մարդկանց վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:

Միյատովիչը նշում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին Լաչինի միջանցքում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համապատասխան դերակատարները պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած խիստ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից, և անվտանգ և ազատ անցում երաշխավորեն նրանց, ովքեր մարդասիրական օգնություն են տրամադրում և ապահովում մարդու իրավունքների պաշտպանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել