Այլևս դիվանագիտության ժամանակը չէ․ Մակրոնը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին
 |factor.am|
12:39 - 25 օգոստոսի, 2023

Այլևս դիվանագիտության ժամանակը չէ․ Մակրոնը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին |factor.am|

factor.am: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել Le Point-ին, խոսել Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին։

Le Point. Դուք խոսեցիք մինչև Կովկաս հասնող ավելի ընդարձակ Եվրոպայի մասին… 2020 թվականին դուք ասացիք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերանվաճումն անթույլատրելի է, բայց Ադրբեջանն ութ ամիս է՝ շրջափակել է տարածաշրջանը։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շրջափակումն անվանել է ցեղասպանություն սովի միջոցով։ Ի՞նչ եք Դուք անում։

Էմանուել Մակրոն. Մեր մոտեցումը հստակ է, մենք ցավում ու դատապարտում ենք, բայց այլևս դիվանագիտության ժամանակը չէ։ Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովրդի ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Ես չեմ կարող անդրադառնալ այս թեմայի ամենասուր կողմերին: Ֆրանսիան հստակորեն դատապարտեց 2020 թվականի պատերազմը և մի քանի մարդասիրական օգնություն կազմակերպեց։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի տևական խաղաղություն և պաշտպանված լինեն ժողովուրդներն ու մշակույթները: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին։

Le Point. Նույնիսկ  ի հեճուկս միջազգային փորձագետների կողմից մատնանշվող ցեղասպանության գործընթացի՞…

Էմանուել Մակրոն. – Ես ձեռնպահ կմնայի այս տերմինը հապճեպ գործածելուց: Մենք ունենք հումանիտար իրավիճակ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի  փակման հետևանքով։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է, և մենք շարունակում ենք մեր բոլոր ջանքերը դրան հասնելու համար: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի և դեղորայքի առաքումը և Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը։ Եվ բացի այդ, Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել