Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների մասնակցությամբ  միջադեպի գործի քննությունը նորից կսկսվի

 |factor.am|
17:11 - 16 օգոստոսի, 2023

Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների մասնակցությամբ միջադեպի գործի քննությունը նորից կսկսվի |factor.am|

factor.am: Սյունիքի նախկին մարզպետների՝  Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների՝ Կարեն Պողոսյանի և Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի գործի քննությունը նորից է սկվել։ Պատճառն այն է, որ գործը քննող դատավորը տեղափոխվել է այլ դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի մի կողմում եղել է Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, իսկ մյուս կողմում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ, որով Կարեն Պողոսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։

Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ, որից արձակել է կրակոցներ՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին։ Այս 3 անձինք գործով  տուժողի կարգավիճակ ունեն, իսկ Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, ընտրելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է, սակայն Պողոսյանն  այդ ժամանակ, փաստացի,, արգելանքի չի վերցվել, քանի որ վարույթն իրականացնող մարմնին հայտնի չի եղել գտնվելու վայրը։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այդ ժամանակ  Սյունիքի մարզպետը Մելիքսեթ Պողոսյանն էր։ Այն ընթացքում, երբ  իրավապահները փնտրում էին մարզպետի որդուն, ինքը՝ մարզպետը պնդում էր, թե որդին Հայաստանում է, հայտարարում, թե գործով ի սկզբանե սխալ քննություն է իրականացվել, և որդին կներկայանա, երբ պատշաճ քննություն իրականացվի։

Նշենք, որ Մելիքսեթ Պողոսյանի մյուս որդին՝ Մասիս Պողոսյանն էլ նույն  շրջանում  Սյունիքի մարզի դատախազի տեղակալն էր։ Հենց այս հանգամանքով պայմանավորված գործը, որը հարուցվել էր Քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչությունում, տեղափոխվեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ Երևան։ Երևանում  դեպքի քննությունից ավելի, քան 3 ամիս անց՝ 2021-ի սեպտեմբերի 22-ին,Կարեն Պողոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ Քննչական կոմիտե։ Նա երկու ամսով կալանավորվել, ապա՝ ազատ է արձակվել  քանի որ  դատարանը մերժել է կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Պողոսյանի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն, ու գործն ուղարկվել Սյունիքի մարզի դատարան, մակագրվել դատավոր Լուսինե Սեփխանյանին։ Վերջինս, սակայն, դեռևս գործի քննությունը չավարտած, տեղափոխվել է այլ դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։ Շուրջ կես տարի գործը քննելուց հետո այս դատավորը ևս տեղափոխվել է այլ դատարան։ Այժմ էլ գործը մակագրվել է դատավոր Ռիմա Առաքելյանին։ Վերջինս այն վարույթ է ընդունել և մեկ դատական նիստ անցկացրել։

Այսպիսով՝ դեպքից՝ երկու, իսկ գործը դատարան ուղարկելուց՝ շուրջ մեկ տարի անց գործի քննությունը նորից կսկսվի։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել