«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները
21:56 - 14 օգոստոսի, 2023

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Գլխավոր լուսանկարը՝ ԵԽ կայքից

Այն, որ Ադրբեջանի Հանրապետությունը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, միայն ՀՀ ինքնիշխան տարածքի եւ սահմանների ուղղությամբ զինված էսկալացիաները չեն, որ ապացուցում են։ Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ պետական քաղաքականության մակարդակում փորձում է առաջ մղել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» եւ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» մտացածին եզրույթները՝ նկատի ունենալով ՀՀ գյուղերն ու քաղաքները եւ նախկինում այստեղ ապրած ադրբեջանցիներին։ 

Վերջին շրջանում ադրբեջանական այդ թեզերը դուրս են եկել պարզապես խոսույթի մակարդակից՝ դիմումների ձեւաչափով հասնելով ընդհուպ միջազգային հեղինակավոր կառույցներ, այդ թեմայի մասին սկսել են խոսել ամերիկացի, եվրոպացի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ակնարկելով, որ հայ-ադրբեջանական միջնորդավորված բանակցություններում այդ հարցն առնվազն քննարկման առարկա է։ 

Ադրբեջանական կողմի քայլերը

Այսպես, Ադրբեջանը «էթնիկ ադրբեջանցիների՝ ՀՀ իրենց տներ վերադառնալու» հարցով տարբեր գործողություններ է իրականացնում։ Մասնավորապես, Ադրբեջանում գործող «Ադրբեջանի փախստականների համայնք» ՀԿ-ն, որը հովանավորվում է ադրբեջանական ռեժիմի կողմից, մեկ տարի առաջ վերակազմավորվել է՝ կոչվելով «Արեւմտյան Ադրբեջանի համայնք», որը պետք է զբաղվի «տեղահանված էթնիկ ադրբեջանցիների՝ Արեւմտյան Ադրբեջան վերադարձի հարցերով», իսկ արդեն դեկտեմբերին Ալիեւը հանձնարարականներ է տվել այդ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք էլ կարճ ժամանակ անց սկսել են իրականացվել։

1 ամիս անց նշյալ կազմակերպությունը ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի միջոցով դիմում է փոխանցել ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որով Հայաստանի կառավարությունից պահանջել է ստեղծել էթնիկ ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ եւ արժանապատիվ վերադառնալու պայմաններ եւ խնդրել է այս հարցում միջազգային հանրության աջակցությունը, իսկ մեկուկես ամիս անց համանման նամակ է ուղարվել ԵՄ խորհրդի նախագահին։

Արդեն այս տարվա մարտին կազմակերպությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի՝ Ալիեւի նախանշած հայեցակարգը, որում նշվում է՝ քանի որ իրենք անվտանգության հարցերով չեն վստահում Հայաստանին, անհրաժեշտ է ադրբեջանցիների վերադարձին ենթակա տարածքներում տեղաբաշխել անվտանգության հարցերով միջազգային առաքելություն՝ բաղկացած իրենց համար վստահելի երրորդ երկրների ուժերից, որոնք կունենան ադմինիստրատիվ եւ ոստիկանական լիազորություններ, իսկ ադրբեջանցիները պետք է ունենան տեղական անվտանգության ուժեր ձեւավորելու եւ դատարանում դերակատարում ունենալու հնարավորություն։ Այս հայեցակարգում բազմաթիվ են նաեւ լեզվին, սեփականությանը եւ այլ հարցերի վերաբերվող կետերը։

Մի քանի օր առաջ նշյալ ՀԿ-ն նոր նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում ասվում է, թե «Հայաստանը հրաժարվում է այս երկրից վտարված ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն վարել ու բացառում է նրանց վերադարձի իրավունքը» եւ այլն։ Նամակում ՄԱԿ գլխավոր քարտուղարին կոչ է արվում «ազդել Հայաստանի վրա, որ նա կատարի իր պարտավորությունները, եւ Հայաստան ուղարկի ՄԱԿ հատուկ առաքելություն, որպեսզի օգնի վերադարձի գործընթացին»։ Իսկ մեկ շաբաթ առաջվանից սկսել է գործել ՀԿ-ին համանուն ինտերնետային հեռուստաալիք՝ իբրեւ թե լուսաբանելու «Արեւմտյան Ադրբեջանի» իրողությունները։ Այսօր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակներով դիմել է Human Rights Watch-ին և Amnesty International-ին՝ խնդրելով աջակցել «Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ոտնահարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնմանը»։

Բրյուսելյան հանդիպմանը փախստականների հարց քննարկվե՞լ է

Մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպում։ Հայկական կողմը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ստեղծված ճգնաժամին, սահմանազատման եւ սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրմանը, գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։

Փաշինյանը, Միշելն ու Ալիեւը՝ Բրյուսելում, 2022թ

Մինչդեռ ադրբեջանական մամուլը գրում էր, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվել եւ քննարկվել է նաեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։

Հայկական կողմից այդ հրապարակումների վերաբերյալ հերքում կամ հաստատում չէր եղել։

Փաշինյանն ըստ էության չի հերքում

Բրյուսելյան բանակցություններից տասը օր անց՝ հուլիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին [1, 2]՝ արդյոք բանակցություններում քննարկման առարկա՞ է կամ եղե՞լ է այս հարցը, եւ եթե ոչ, ապա ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ, որ ադրբեջանական հերթական օրակարգը բանակցությունների առարկա չի դառնա։

Փաշինյանը մեկնաբանել էր, որ Ադրբեջանը ադրբեջանցիների՝ Հայաստան այսպես կոչված վերադարձի հարցը օրակարգ է բերել որպես Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարցի, կարելի է ասել, որպես հայելային օրակարգ [ձեւակերպումը՝ խմբ․]։ Նա նշել էր, որ հայկական կողմի արձագանքը դրան եղել է եւ շարունակում է մնալ, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման ԼՂ հայության թեմայի հետ համարժեք չէ, եթե կա այդպիսի թեմա, ապա համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից տեղահանված հայերի իրավունքների թեմային։

Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսի օրը

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմի հայտարարություններից ու գործողություններից հասկանալի է դառնում, որ իրենց նպատակադրումն այդքան էլ ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցին հակընդդեմ օրակարգ ստեղծելը չէ, եւ որ Ադրբեջանն այս հարցում կոնկրետ պետական քաղաքականություն է վարում, Փաշինյանն արձագանքել էր այսպես․ «Դուք այդքան հայտարարություն արեցիք, բայց չհիշատակեցիք, որ Հայաստանում, օրինակ, Ադրբեջանից փախստականների կազակերպություններ իրենց հերթին հանդես են եկել իրենց հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների փախստականներ հանդես են եկել իրենց հայտարարությամբ։ [․․․] Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ քաղաքականությունն ու այդ նարատիվը [այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերաբերյալ] համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են՝ այդ թվում, իրենց բնակարանները վաճառելով, այդ թվում ՀՀ կառավարության կողմից փոխհատուցումներ ստանալով։ Բայց մենք ունենք ուրիշ փաստ, երբ որ Սումգայիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ հայերը Բաքվից, Սումգայիթից եւ այլ տեղերից նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել, այսինքն՝ ստիպված են եղել իրենց կյանքը փրկել։ Ադրբեջանը շատ նարատիվներ կարող է զարգացնել, բայց մենք մեր դիրքորոշումն ունենք եւ կարծում ենք, որ այդ դիրքորոշումները լեգիտիմ են, հիմնավոր են։ Եվ մենք ասում ենք, որ ինչու, օրինակ, չեք մեջբերում Նախիջեւանից հեռացած հայերի հայտարարությունը, ինչու ձեր հարցը նրա մասին չէ, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում հասցեագրել Նախիջեւանի հայերի [իրավունքները]»,- ասել էր Փաշինյանը՝ հետագայում հավելելով, որ փախստականների վերաբերյալ հարցը «Հայաստանում կարող է եւ պետական քաղաքականություն չէ այն առումով, որ մենք շարունակում ենք հարգել մեր միջազգային պարտավորությունները»։

Նա պնդել էր, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքականությունները եւ միջոցները բավարար են, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարել Հայաստանի շահերին համապատասխան»։ 

Փաշինյանի ասուլիսի օրը Լավրովը տրամագծորեն հակառակ հայտարարություն է անում

Հենց Փաշինյանի ասուլիսի օրը ՌԴ-ում ընթանում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՌԴ ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը, ի թիվս այլնի, շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրման կարեւորությունը: Հաղորդագրությունում փախստականների, տեղահանվածների կամ ազգային փոքրամասնությունների մասին քննարկման վերաբերյալ որեւէ նշում չկա։

Այդ հանդիպումից հետո, սակայն, Լավրովը հանդես էր եկել մամուլի համար հայտարարությամբ, որում նշել էր երկու երկրներում «ազգային փոքրամասնությունների» իրավունքների երաշխիքների շուրջ համաձայնության գալու մասին․

«Հայկական կողմն ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների հարցում համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները: Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաեւ իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով»,- ասել էր Լավրովը։


Լավրովը՝ ասուլիսի ժամանակ


Լավրովին հերքում են Մարուքյանն ու Միրզոյանը

Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հուլիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին՝ Հայաստանը քննարկո՞ւմ է ադրբեջանցիների հնարավոր վերադարձը Հայաստան, քանի որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է տեղահանվածների՝ իրենց տներ վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Մարուքյանն այս առնչությամբ ասել էր․ 

«ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն այս իմաստով նույնպես չի համապատասխանում քննարկված առարկային, որովհետեւ ՀՀ ԱԳ նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Տեսեք, ՌԴ ԱԳ նախարարն ունենում է երկկողմ հանդիպում՝ երկու ԱԳ նախարարների հետ, հետո՝ եռակողմ, հետո ամփոփիչ ինչ-որ հայտարարություն է անում։ Ես կարծում եմ, որ փորձել է այնպիսի հայտարարություն անել, որ նաեւ Ադրբեջանի ուզած նարատիվն այստեղ տեղ գտնի, բայց, կարծում եմ, ՌԴ ԱԳ նախարարը, լավ կլիներ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի (որ ՌԴ նախագահն էլ է ստորագրել) 7-րդ կետին անդրադառնար, որ, օրինակ, ներքին տեղահանված անձինք վերադարձե՞լ են, թե՞ չեն վերադարձել, այս պարտավորությունն իրականացվե՞լ է, թե՞ չէ»,- նշել էր Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի փորձը՝ Հայաստանում ժամանակին ապրած ադրբեջանցիների հարցը հավասարեցնել ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների հետ, շատ թույլ եւ անիմաստ է․ «Որովհետեւ դրանով փորձում են ԼՂ բացառիկությունը նվազեցնել, իսկ էդ բացառիկությունը ֆիքսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ որպես ամենավերջին, թարմ փաստաթուղթ»։

Ճշտող հարցին՝ Հայաստանը բանակցո՞ւմ է նման բան, թե՞ ոչ, Մարուքյանը պնդել էր՝ Հայաստանը չի բանակցում, բանակցային սեղանին չկա նման թեմա․

«Դա Ադրբեջանի կողմից պրոպագանդվող քարոզչություն է։ Եթե հասնենք այդ հարցին, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով փախստականները եւ ներքին տեղահանված անձինք (սա իրավական պարտավորություն է, էն մասով որեւէ իրավական պարտավորություն չունենք) կվերադառնան, ուզենան խոսեն էս մասին, ուրեմն էդ խոսակցությունը կբացվի։ Իսկ էդ խոսակցությունն ինչի՞ մասին է, որ իրենք ասում են, որ ՀՀ-ից գնացել են ադրբեջանցիները, բա Ադրբեջանից էլ են գնացել հայերը, հայերը գնացել են մազապուրծ, սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքի տակ, ադրբեջանցիներն այստեղից գնացել են տները փոխելով, փոխհատուցում ստանալով, այսինքն՝ դրանք անգամ այդ մասով չեն հավասար։ Բայց երբ պահը գա, որ էդ հարցը բացեն, առաջնային հարցը հետեւյալն է, որ կան փախստականներ Ադրբեջանից, եւ եթե կան փախստականներ կամ Հայաստանից էդ ժամանակ գնացած ադրբեջանցիներ, դրանք են իրար հավասար, բայց ԼՂ-ն դրա հետ կապ չունի։ Ադրբեջանն ուզում է ԼՂ-ն բերի դրան հավասարեցնի, որը չի ստացվում, որովհետեւ ի հակադրություն գոյություն ունի Ադրբեջանից փախստական դարձած հայերի խնդիր, եւ մենք ունենք կառույցներ, հայտարարություններ են անում, ունենք կազմակերպություններ, ովքեր նույնպես ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Ադրբեջանն ուզում է կտրել այս ամբողջ ձեւավորված նարատիվը, որը միջազգային իրավունքով պարտադիր ուժ ունի՝ ԼՂ տարածք, ԼՂ տարածքում ապրող մարդիկ, ում իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն միջազգային մեխանիզմի շրջանակում»,- ասել էր Մարուքյանը։

Հուլիսի 28-ին էլ Արարատ Միրզոյանն էր անդրադարձել Լավրովի խոսքերին՝ ասելով, որ «Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող եւ որեւէ զուգահեռ չունեցող հիմնահարց է»։

Միրզոյանը նշել էր, որ այն որեւէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված եւ ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ․ «Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում եւ առավել եւս համաձայնություն չի եղել»,- ասել էր նա:

Էթնիկ փոքրամասնությունների հարց արծարծվել է նաեւ ավելի վաղ

Հատկանշական է, որ փախստականներին առնչվող հայտարարություն հնչել է նաեւ վերը հիշատակված երկու եռակողմ բանակցություններից առաջ, սակայն այն այնքան էլ ուշադրության չէր արժանացել, գուցե նաեւ այն պատճառով, որ հայկական կողմից այդ ձեւակերպումներին հերքում չէր էլ եղել։ Ինչի մասին է խոսքը։

Այս տարվա մայիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ հովանու ներքո ընթանում էին հայ-ադրբեջանական բանակցություններ՝ եռակողմ ձեւաչափով։ Մայիսի մեկին նախ կայացել է Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպումը, ապա նույն օրը նաեւ եռակողմ հանդիպումը՝ Բլինքենի, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Մայիսի 3-ին եւս մեկ եռակողմ հանդիպում է կայացել՝ այս անգամ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ։ Ի վերջո, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, չորս օր Վաշինգտոնում բանակցությունների արդյունքով նախարարները եւ նրանց թիմերը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Միրզոյանի ու Բլինքենի հանդիպումը մայիսի 1-ին

Մայիսի 2-ին՝ բանակցություններին զուգահեռ, «Ամերիկայի ձայնը» մի հրապարակում է արել, որտեղ նշված էր, որ «ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացնում» Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների վերաբերյալ։ Այդ հրապարակման համաձայն՝ «Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը»:

Նկատենք, որ լրատվամիջոցի հրապարակման մեջ չկա նշում այն մասին, թե Պետքարտուղարությունից հստակեցրել են՝ ովքեր են նկատի առնվում «էթնիկ փոքրամասնություններ» հոգնակի ձեւակերպման մեջ։ 

Այս հրապարակման եւ պետքարտուղարության հաղորդած տեղեկության վերաբերյալ, ինչպես նշեցինք, հայկական կողմից որեւէ հրապարակային պաշտոնական արձագանք չէր եղել։

Այսպիսով, Ադրբեջանը պետական քաղաքականության մակարդակում տարբեր գործողություններ է իրականացնում այդ օրակարգն առաջ տանելու համար։ Ընդ որում՝ ադրբեջանական այդ խոսույթը ոչ թե վերաբերում է պարզապես ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձին, այլ, ըստ էության, տարածքային նկրտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է տարբեր պաշտոնյաների, այդ թվում եւ Ալիեւի հայտարարություններով․ նրանք ՀՀ տարածքներին ադրբեջանական կեղծ անուններով են անդրադառնում, ՀՀ ինքնիշխան տարածքները հեռուստատեսությամբ ներկայացնում են իբրեւ ադրբեջանական եւ այսպես շարունակ։ Իսկ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում միջնորդ երկրների ներկայացուցիչները, օգտագործելով տարբեր եզրույթներ, խոսում են այն մասին, որ այսպես կոչված փախստականների վերադարձի հարց քննարկվում է։ Սկզբնական շրջանում հայկական կողմից այդ հայտարարություններին արձագանք չկար, միայն Փաշինյանի ասուլիսի ժամանակ այդ հարցի բարձրաձայնումից եւ նույն օրը Լավրովի հայտարարությունից հետո հայ պաշտոնյաները հանդես եկան հերքումներով։ 

«Աղդամյան հումանիտար միջանցք»․ միջնորդների հայտարարությունները հերքելու մեկ այլ դեպք

Ի հավելումն հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան բանակցություններից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ... Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։

Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե Ստեփանակերտին Աղդամով «օգնություն» տրամադրելու հարցում որն է եղել իր դիրքորոշումը Միշելի ու Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ, եթե այդ հարցը քննարկվել է, ասել էր, որ ինքը նման հարց չի քննարկել․ «Չեմ կարծում, թե նման հարց քննարկեու որեւէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հարց քննարկելու մանդատ ունեմ, քանի որ այն եռակողմ հայտարարությամբ է ստեղծվել, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետեւաբար այդ հարթակներում մենք քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու դրա բացման հարցերը»։

Հարցին, թե այսինքն Միշելի հայտարարությունը անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանել էր, որ անակնկալ չէր, ապա նորից շեշտել էր, որ ինքը նման հարց չի քննարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե քննարկում եղել է, ուղղակի ի՞նքը չի մտել քննարկման մեջ, Փաշինյանն արձագանքել էր․ «Ես ասել եմ՝ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ չունեմ»։

Այսինքն Փաշինյանն, ըստ էության, չէր հերքել, որ բանակցություններում այդ հարցը բարձրացվել է։

Ասուլիսի հաջորդ օրը, երբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մթերքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենաներ շարժվեցին դեպի Կոռնիձոր՝ այնտեղից խաղաղապահների միջոցով Արցախ տեղափոխվելու համար, Նիկոլ Փաշինյանը թուիթերյան միկրոբլոգում գրել էր․ «Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։

Այս գրառման լուսապատճենն իր թուիթերյան էջում դնելով՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը գրել էր, թե «Համաձայն Բրյուսելով ձեռք բերած պայմանավորվածության՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է ամեն տեսակի բեռների տեղափոխման համար»։

Նույն օրը Հանրայինի եթերում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պնդել էր, որ Հաջիեւն իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է տարածել, նման պայմանավորվածություն չի եղել․ «Սա ադրբեջանական նարատիվ է, եւ նաեւ եթե անգամ նայենք, թե ինչ է ասել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նա ուղղակի ասում է, որ Լաչինով․․․ էստեղ ճանապարհ բառն է օգտագործել, որը, բնականաբար, էլի մեր նարատիվը չէ, դա ճանապարհ չէ, Լաչինի միջանցք է, բայց, ամեն դեպքում, նա ասում է՝ «ես կարեւորել եմ Լաչինի ճանապարհով բեռների փոխադրումը հումանիտար, ես նաեւ նշում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամով տրամադրել հումանիտար ինչ-որ բեռներ, սնունդ, աջակցություն»։ Սա Շառլ Միշելի ասածն է, սա Հայաստանի հետ որպես պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է»,- ասել էր Մարուքյանը՝ նշելով, որ Աղդամի ճանապարհն օգտագործելու մասին սուտ հայտարարության վերաբերյալ «բնականաբար, համապատասխան արձագանք կտրվի»։

Հերքումներ՝ միայն հանրային տիրույթում քննարկումներից հետո․ դիվանագետի մեկնաբանությունը

Որպես կանոն՝ բանակցություններից հետո կողմերը, այդ թվում միջնորդ կողմը, հանդես են գալիս բանակցային տվյալ փուլի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով եւ հայտարարություններով, որոնք սովորաբար արմատական տարբերություններ չեն ունենում, սակայն կողմերն, իհարկե, քննարկված հարցերը եւ բանակցություններից իրենց տպավորություններոը ներկայացնում են սեփական տեսակետից։

Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը

Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, դիվանագետ Կարեն Միրզոյանն infocom.am-ի հետ զրույցում նշում է, որ, իհարկե, ակնկալվում են համաձայնեցված հայտարարություններ, բայց եթե նման համաձայնության հասնել չի լինում, ապա յուրաքանչյուր կողմ իրեն իրավունք է վերապահում է հանդես գալ տարբեր հայտարարությամբ՝ նշելով, թե որ կետերեն է ընդունել կամ չի ընդունել․

«Երբ բանակցություններ են ընթանում, անկախ հանգամանքից՝ դրանք պսակվում են հաջողությամբ, թե ոչ, ընդունվում է հայտարարություն, որի նպատական է իրազեկել հանրությանը բանակցությունների արդյունքների մասին, ինչպես նաեւ ամրագրել ինչ-ինչ պայմանավորվածություններ կամ իրավիճակը բանակցային գործընթացում։ Եւ պարտադիր չէ, որ ամեն բանակցային փուլից հետո կողմերն ունենան համընկնող տեսակետներ, դրանք կարող են տարբերվել, բայց դրա մասին էլ պետք է խոսել»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայկական կողմից բանակցություններին մասնակից մյուս կողմերի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումները կան հերքումները սովորաբար հնչում են այն ժամանակ, երբ հանդրության ներսում ինչ-որ հարցեր են սկսում առաջանալ․

«Նման հայտարարություններ երբեք չեն արվել միջնորդի կամ մյուս կողմի հայտարարություններից անմիջապես հետո։ Հարց է առաջանում՝ եթե կոնկրետ հարց չի բանակցվել, ինչո՞ւ է հայկական կողմը նախընտրել թեման լռության մատնել, չի ահազանգել այն մասին, որ փաստորեն աղավաղվել է բանակցային փուլի էությունը, եւ միայն հանրության ընդզվումից հետո ինչ-ինչ հայտարարություններ է արել»։ 

Այն, որ բանակցային փուլից հետո միջնորդը եւ մասնակից մյուս կողմը հանդես են գալիս միանման հայտարարությամբ, որը, ըստ հայկական կողմի, չի համապատասխանում իրականությանը, ըստ պարոն Միրզոյանի՝ նշանակում է՝ ինչ-որ բան չի ընթացել բնականոն հունով։ 

Արձագանքելով հարցին՝ արդյոք այդ իրողությունը չի՞ նշանակում, որ հայկական կողմը բանակցություններում չի թելադրում իր օրակարգը կամ առնվազն չի պաշտպանում այն, մեր զրուցակիցը նկատում է՝ բանակցություններին մասնակից մարդիկ, ակնհայտ է, չեն տիրապետում բանակցային մեթոդաբանությանը։ Նրա խոսքով՝ իհարկե բուն բանակցությունների մասին հարցեր պետք է ուղղել հենց դրանցում ուղիղ մասնակցություն ունեցող անձանց, սակայն յուրաքանչյուրը, որը մի քիչ բանականություն ունի, հասկանում է, որ բանակցային գործընթացում պետք է լինել ազնիվ, չփորձել խաբել դիմացինին, այլ ճիշտ ու հասկանալի ներկայացնել սեփական տեսակետները եւ պատրաստ լինել պայքարել դրանց պաշտպանության համար։

Հավանակա՞ն է արդյոք, որ միջնորդ երկրների ներկայացուցիչներն իսկապես իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անեն բանակցություններում քննարկված հարցերի վերաբերյալ․ պարոն Միրզոյանը նկատում է, որ բանակցային գործընթացում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց կեղծ լուրեր տարածելու ազդեցությունը երկարատեւ չի լինում, որովհետեւ ճշմարտությունն ի վերջո ջրի երես է դուրս գալիս, եւ բանակցողը կամ միջնորդը, որը դիմել է նման քայլի, հայտնվում է խայտառակ իրավիճակում։ 

Հարցին՝ միջնորդների հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի հերքումները կարո՞ղ են բացասաբար ազդել բանակցություններում մեր ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքի վրա, Կարեն Միրզոյանը պատասխանում է․ «Իհարկե ազդում են, նախ եւ առաջ դրանք քայքայում են քո վստահելիությունը՝ որպես բանակցային գործընթացի գործընկեր, պարզ է, որ քչերը կուզեն գործ ունենալ այնպիսի գործընկերոջ հետ, որը բանակցայն գործընթացի ողջ էությունն աղավաղում է կամ հանդես է գալիս միակողմանի մեկնաբանություններով»։

Իսկ միջնորդների արձագանքը, ըստ մեր զրուցակցի, պարտադիր չէ՝ լինի հրապարակային։ Նրանք կարող են փակ ձեւաչափով արձագանքել կամ անմիջապես հողի վրա զարգացումներով, որոնց, պարոն Միրզոյանի խոսքով,  ականատես ենք լինում հետագայում, օրինակ, սահմանին տիրող, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը եւ այլն։ Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ մարդիկ, որոնք մասնակցում են բանակցություններին ու կրում են պատասխանատվություն, նախընտրում են հանրության ուշադրությունը թմրեցնել ինչ-ինչ հայտարարություններով, մինչդեռ պետք է ներկայացնեին ճշմարտությունը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել