Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին
17:40 - 12 օգոստոսի, 2023

Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախում ստեղծված օրհասական իրավիճակը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստան դաշինքի ֆեյսբուքյան էջում։

Օհանյանը միջազգային կառույցներին է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում ցեղասպանություն են։

«Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը որևէ կերպ չի կարող երաշխավորվել, եթե Ադրբեջանն իր իշխանությունը հաստատի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է Սեյրան Օհանյանի նամակում։

Նա նաև կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերադառնա ԵԱՀԿ կողմից մշակված սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել