Հաջիևը «բացահայտել է»՝ ով է Օկամպոն և նրա զեկույցը որակել է որպես կանխակալ
 |aravot.am|
11:36 - 10 օգոստոսի, 2023

Հաջիևը «բացահայտել է»՝ ով է Օկամպոն և նրա զեկույցը որակել է որպես կանխակալ |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Twitter-ի իր էջում արձագանքել է Միջազգային քրեական դատարանի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ այն որակելով որպես կանխակալ: Մասնավորապես, նա «բացատրել է», թե ով ա Օկամպոն: Նախ, ըստ Հաջիևի, Օկամպոն, աշխատելով Միջազգային քրեական դատարանում որպես գլխավոր դատախազ, ղեկավարել է «մի քանի՝ աշխարհի ամենատխրահռչակ օֆշորային ընկերությունները»:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահի օգնականը նկատել է, որ Հայաստանի նախկին նախագահ, «ռազմական հանցագործ Սերժ Սարգսյանը, որը մասնակցել է Խոջալուի ցեղասպանությանը, ընդունել է Օկամպոյին Երևանում»:

«Այդպիսի մութ անցյալով մարդն իր կանխակալ զեկույցով դիտավորյալ կերպով աղավաղում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի որոշումը և Լաչինի ճանապարհի գործունեության վերաբերյալ իրական վիճակը»,- ասել է Հաջիևը։

Նշենք, որ 2010 թվականի ապրիլի 6-ին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա մեր երկիր էր ժամանել` մասնակցելու մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին:

Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել էր. «Մեզ համար շատ կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն եւ հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում» եւ հավելել. «Հատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի` հայոց ցեղասպանության մասին»:

Դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել էր, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, եւ առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է:

«Հանրապետության Նախագահը եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկել էին համագործակցության հնարավորությունները, թե ինչպես դատարանը կարող է օգնել Հայաստանին ավելի պաշտպանված լինելու»,- նշված էր նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել