Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ. Արտակ Բեգլարյան
19:13 - 29 հուլիսի, 2023

Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ. Արտակ Բեգլարյան

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը՝ նշելով, որ մեղադրանքները կեղծ են։

«Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։ Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Այսօր նա առևանգվել էդստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ», - գրել է Բեգլարյանը:

Բեգլարյանի խոսքով՝ Խաչատրյանը սրտի ծանր հիվանդություն ունի, որի բուժման համար մեկնում էր Երևան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: 

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը՝ նշելով, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չի եղել և նույն կերպ է կատարվել։ Մինչ օրս նման նախադեպ չի եղել։ 

Ժամեր անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Նշվում է, որ Խաչատրյանը «ցեղասպանության գործով» միջազգային հետախուզման մեջ էր գտնվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել