Բեռներն ինչքան Կոռնիձորում կանգնեն, այնքան սա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն. Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր
 |armenpress.am|
14:11 - 29 հուլիսի, 2023

Բեռներն ինչքան Կոռնիձորում կանգնեն, այնքան սա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն. Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռները որքան կանգնեն Կոռնիձորի հատվածում, այնքան դա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: Այս մասին ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը, ով այցելել էր Կոռնիձորի հատված, որտեղ կանգնած են հումանիտար բեռով բեռնատարները:

Արին Կարապետին ուղեկցում էր Հայաստանի վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը: Արին Կարապետը նշեց՝ եկել է իր աչքերով տեղում տեսնելու իրավիճակը:

«Ցավոք սրտի, ոչ բեռը, ոչ մենք չենք կարող անցնել այս միջանցքով: Հիմա Արցախի 120 հազար բնակիչ շուրջ 8 ամիս շրջափակման մեջ է: Ամբողջ աշխարհն էլ տեսնում է, որ բեռները չեն կարողանում անցնել»,-ասաց Կարապետը:

Ըստ նրա՝ հիմա պետք է Հայաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Շվեդիան  անեն հնարավորինը բեռն անցկացնելու համար: «Լաչինի միջանցքը պետք է բացվի, ուրիշ ճանապարհ չկա»,-ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը:

Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը չի բացում միջանցքը: Ամեն օր վիճակը վատանում է: Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նշեց՝ աշխարհը սա 24 ժամ տեսնում է:

«Ինչքան այս բեռներն այստեղ կանգնեն, ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: Եթե իրոք ուզում է խաղաղություն, ուզում է հարցը լուծել, թող թողնի բեռներն անցնեն, մարդիկ սովից չմեռնեն: Դու չես կարող մի կողմից ասել, թե խաղաղություն ես ուզում, մյուս կողմից ասել, որ 120 հազար մարդ ուտելու մի բան չունենա»,-ասաց Կարապետը:

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող  հայտարարություններին, թե միայն Աղդամով թույլ կտան բեռներ անցկացնել՝ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը շեշտեց, որ դա Ադրբեջանի քաղաքական խաղն է, ամբողջ աշխարհն է ասում, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի:

Նա ընդգծեց՝ որքան Ադրբեջանը թույլ չտա, որ բեռներն անցնեն, այնքան Եվրոպայում նրան վատ աչքով կնայեն: Միևնույն ժամանակ Կարապետը կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն դանդաղ է աշխատում:

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն էլ հայտնեց, որ քննարկումները շարունակական բնույթ են կրում, ցավոք այս պահին նորություն չկա: «Հումանիտար ճգնաժամի սրացումը տեղի է ունենում ժամ առ ժամ ռեժիմով: Ուստի միջազգային արձագանքներն են ավելանում: Գիտակցումը կա, որ իրոք ԼՂ-ում առկա է խորը հումանիտար ճգնաժամ, որը հաղթահարելու համար անհրաժեշտ են գործուն քայլեր»,-ասաց նա:

Սակայն հումանիտար բեռները ԼՂ տեղափոխելու առումով դեռևս նորություն չկա:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։ 

Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել