Որևէ փոփոխություն դեռ չունենք. Մարուքյանը՝ հումանիտար բեռները ԼՂ հասցնելու մասին
 |1lurer.am|
15:49 - 27 հուլիսի, 2023

Որևէ փոփոխություն դեռ չունենք. Մարուքյանը՝ հումանիտար բեռները ԼՂ հասցնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Այս պահին նորությունների իմաստով դեռ որևէ փոփոխություն չունենք: Այդ մասին ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հումանիտար բեռները ԼՂ բնակչությանը հասցնելու ադրբեջանական կողմի արգելքին: 

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով սրվում է. 30 հազար երեխա շարունակում են թերսնվել: Շուրջ 120 հազար մարդ ունի տարրական առաջնային սննդի և առաջնային պարագաների, բազմաթիվ հիվանդներ՝ դեղորայքի կարիք, որի մասին առողջապահության, ԱՍՀ նախարարության մեր մասնագետները մանրամասն իրազեկում են: Ամբողջ աշխարհի բոլոր տեսակի միջազգային մարդասիրական, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կառույցներն իրազեկված են: Դուք նաև երեկ տեսաք Եվրոպական Միության արտաքին հարցերով զբաղվող բարձր հանձնակատարի հայտարարությունը: Մենք մի նպատակ ունենք՝ հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ այն հասնի ԼՂ. որևէ այլ նպատակ չկա, և ի սկզաբե իրազեկել ենք բոլորին, որ անգամ խոսքը այս բեռնատարների դեպի ԼՂ գնալու մասին չէ, այսինքն՝ որ որևէ ձևի չկարողանան ասել, որ սա սադրանք է: Չնայած՝ էլի ասում են, բայց այդ իմաստով մենք որևէ տեղ չենք թողել որ որևէ փաստ, որևէ մոտեցում կարողանան օգտագործել թե՛ այս նախաձեռնության դեմ, թե՛ որևէ այլ կերպ: Ըստ էության, այն հայտարարությունները, որ արվում են, ներվային ջղաձգումներ են, որովհետև գնալով ապացուցվում է բոլոր հարթակներում, բոլոր մակարդակներում, որ Ադրբեջանը շուրջ 120 հազար մարդու շրջափակել և սովի է մատնում 21-րդ դարում: Սա միջազգային մարդասիարկան իրավունքի ոտնահարում է, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է. այս իմաստով մենք որևէ քայլ չկա, որ ասեմ, որ չենք արել, որ չապացուցենք, և այս ամեն ինչը շատ ակնհայտ է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ երեկ ԱԳՆ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները, դիվանագետները, միջազգային կառույցների ներկայացուցիչները ուսումնասիրել են բեռները, տեսել են, իրազեկված են, իրենք իրենց մայրաքաղաքներ են ներկայացրել այդ ամենը:

«Դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, նաև հումանիտար մակարդակում՝ նույնը: Այս իմաստով մեր քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են մեր ստանձնած պարտավորություններին, նոյեմբերի եռակողմ հայտարարությանը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է գործի, և դա միակ կապն է ՀՀ հետ, և դա ոչ միայն սնունդն ապահովելու, առաջնային ապրանքներ տեղ հասցնելու կապն է, այլև ՀՀ հետ հատուկ կապի իմաստով է այն արձանագրված, որի տակ ստորագրել են Ադրբեջանի նախագահը, ՌԴ նախագահը և ՀՀ վարչապետը: Այս իմաստով ես ուզում եմ ուղղակի ասել, որ բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում: Պետք է շարունակենք մեր գործողությունները, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցվեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։ 

Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել