Բանակցային սեղանի շուրջ չեմ լսել, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին, մյուս կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում նման պատրաստակամություն․ Փաշինյան 
14:29 - 25 հուլիսի, 2023

Բանակցային սեղանի շուրջ չեմ լսել, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին, մյուս կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում նման պատրաստակամություն․ Փաշինյան 

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարց հնչեցրեց Հայաստանի ու Արդբեջանի կարմիր գծերի մասին․ «Ուրբաթ օրը Դուք և Ադրբեջանի նախագահը գրեթե համաժամանակյա խոսեցիք կողմերի կարմիր գծերի մասին․ Հայաստանը պատրաստ չէ հրաժարվել ԼՂ հայերի իրավունքների հարցից, Ադրբեջանը պատրաստ չէ անդրադառնալ դրանց։ Ի՞նչ է ստացվում․ կողմերը համաձայնության չեն գալիս, զիջումը համարում են անընդունելի։ Հետևանքը կարծես հիշեցնում է նախկին շրջափուլը, երբ հայկական կոմղը պատրաստ չէր հրաժարվել առանց կարգավիճակի հակամարտության փուլային կամ փաթեային որևէ լուծումից, Ադրբեջանը պատրաստ չէր ԼՂ անկախության տարբերակը քննարկել։ Հարցը հանգեց պատերազմի։ Մտավախություն կա՞, որ նման սցենարը կարող է կրկնվել նաև այս անգամ, և ի՞նչ կարող ենք անել զարգացման այս տարբերակը բացառելու համար»։ 

Հիշեցնենք՝ հուլիսի 21-ին Փաշինյանը հարցազրույց է տվել Agence France-Presse-ին, որտեղ, ի պատասխան լրագրողի հարցի, թե որոնք են կարմիր գծերը բանակցություններում, նշել էր․ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը»։

Ասուլիսի ընթացքում Փաշինյանը նախ համաձայնեց լրագրողի հետ՝ նշելով, որ վերջինս «ճշգրիտ նկարագրեց ոչ միայն այսօրվա իրավիճակը, այլև ընդհանրապես վերջին 30 տարվա իրավիճակը»։

«Դա մի հարց է, մի իրադրություն է, որ մեր դիմաց է, և մենք պետք է կարողանանք դիրքավորվել և հարաբերվել այդ իրավիճակի հետ։ Այս է պատճառը, որ, համենայն դեպս, բանակցային սեղանի շուրջ ես երբեք չեմ լսել այդպիսի ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին։ Բայց մյուս կողմից ես Ձեզ հետ համաձայն եմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում, չի բխում կամ չի արտահայտվում նման պատրաստակամություն։ Մյուս կողմից նաև պետք է ընդգծել, որ ինձ համար հասկանալի չեն դիրքորոշումները, որոնք հնչում են Լեռնային Ղարաբաղում, բացառում են այդ թեմայով քննարկումները, բանակցությունները Ադրբեջանի հետ։ Մյուս կողմից հիշատակման արժանի է, որ նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային ղարաբաղից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասաց նա։ 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Արցախի Հանրապետությունը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար և արժանապատիվ կարգավորման: Ելնում ենք նրանից, որ բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին և դրա լեգիտիմությունը: Բանակցությունները պետք է հիմնված լինեն երկու կողմերի՝ տարաձայնությունները բարեխղճորեն կարգավորելու անկեղծ ցանկության վրա: Դա չպետք է ցուցադրական բնույթ կրի՝ կողմերից մեկի կամքը մյուսին պարտադրելու նպատակով: Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ուժ կամ ուժի սպառնալիք չի կիրառվի: Անհարժեշտ են նաև միջազգային երաշխիքների գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը: Ծայրաստիճան կարևոր է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառյալ՝ քաղաքական, ռազմական և ցանկացած այլ ճնշման միջոցները: Բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե վերջնագրերի օրինականացումը կամ պարտադրումը, այլ համագործակցության մթնոլորտի ձևավորումը»:

Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց բրյուսելյան վերջին հանդիպման պայմանավորվածության մասին, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Իհարկե, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիր կա, և այդ խնդիրը պետք է հասցեագրվի, դա հնարավոր չէ ժխտել։ Այլ բան, որ այս ողջ խոսակցության ընթացքում հասկանալիորեն կա մեծ անվստահություն, որովհետև Արդբեջանի կողմից կա անվստահություն Հայաստանի նկատմամբ, Հայաստանի կողմից կա անվստահություն Ադրբեջանի նկատմամբ, և հարց է, թե ինչպես հաղթահարել այդ անվստահությունը, և այս է պատճառը, որ պետք է լինեն քայլեր, և մենք մեր կոմից անում ենք քայլեր, որոնք այդ անվստահությունը կհաղթահարեն»։

Պատասխանի վերջում Փաշինյանը նաև համաձայնեց լրագրողի՝ հետևանքների մասին պնդումին․ «Կարծում եմ, որ մենք պետք է մեր դիտանկյունները հարցերի նկատմամբ փոխենք, թե ինչ տրամաբանությամբ ենք մեր հարցերին նայում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել