Կանադայից երկու փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը
 |civilnet.am|
11:13 - 21 հուլիսի, 2023

Կանադայից երկու փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը |civilnet.am|

civilnet.am: Կանադայից երկու քաղաքացիական փորձագետ կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Այդ մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Հայաստանում ԵՄ առաքելությունից։

«Հուլիսի 18-ին ԵՄ-ն ընդունեց Կանադայի պաշտոնական առաջարկը՝ աջակցելու Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA): Կանադայի նախնական ներդրումը բաղկացած կլինի մինչև երկու քաղաքացիական փորձագետներից, որոնք կտեղակայվեն մեկ տարի ժամկետով: Այդ փորձագետների տեղակայման ժամկետը դեռ հայտնի չէ, և նրանց ստույգ խնդիրները կորոշվեն ավելի ուշ»,- ասված է պատասխանում։

Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ ասված էր, որ հավանություն է տրվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու Կանադայի առաջարկին․ «Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը ընդունված և նշանակալի է համարվում»,- նշված էր որոշման մեջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։

Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին։ ԵՄ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ Առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել