Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։
Մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։
Նիստում նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև։ Ելույթ են ունեցել նաև ԵՄ և տասն այլ երկրների ներկայացուցիչներ՝ ըստ էության վերահաստատելով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտությունը։
Պարո՛ն նախագահող,
Հարգելի՛ դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը՝ Մշտական խորհրդի այս հատուկ նիստը հրավիրելու համար: Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է, որ դիմում եմ այս հարգարժան կառույցին, և արդեն երկրորդ անգամն է, որ այստեղ ելույթ եմ ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին։
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Մշտական խորհրդի հատուկ նիստին իմ վերջին ելույթից ի վեր տեղի ունեցած իրադարձություններին։
Հարգելի՜ գործընկերներ,
Այս ելույթին զուգահեռ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փաստացի շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Այս ապօրինի արգելափակումից ավելի քան 7 ամիս անց իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է։
Գիտեմ, որ ԵԱՀԿ-ում մեր պատվիրակությունը պարբերաբար տեղեկացնում է Մշտական խորհրդին տեղում տիրող իրավիճակի մասին, հետևաբար, ես շատ չեմ կենտրոնանա մանրամասների վրա, այլ կամփոփեմ հիմնական կետերը:
Մարդասիրական տեսանկյունից առավել հրատապ են էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրները, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Կցանկանայի ներկայացնել ձեզ որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն առավել լավ պատկերացում կազմել տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Կապված էներգետիկ անվտանգության հետ.
Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն։
Հասկանալի պատճառներով չեմ կարող շատ մանրամասնել ընթացող քննարկումների մասին և կցանկանայի պարզապես վերահաստատել մեր պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվել չափազանց բարդ և զգայուն հարցերի և իրավիճակների լուծումներ գտնելուն:
Այս բանակցություններում ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է գոյություն ունեցող միջպետական սահմանների փոխադարձ ճանաչմանը։ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական սահմաններ:
Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն՝ ապագայում ցանկացած տարածքային պահանջից խուսափելու և ուժի կիրառման միջոցով այդ պահանջները նյութականացնելու հավանականությունը բացառելու նպատակով: Եվ ցանկացած հետագա երկիմաստությունից խուսափելու համար մենք առաջարկում ենք միջպետական սահմանների սահմանազատման համար որպես հիմք օգտագործել գոյություն ունեցող ամենավերջին քարտեզները:
Խորին ափսոսանքով նշենք, որ թվում է՝ այս հարցում լուրջ երկիմաստություն թողնելը հենց այն է, ինչին մտադրվել և ձգտում է Ադրբեջանի ղեկավարությունը:
Այս հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը Ադրբեջանի կողմից տարբեր կեղծ փաստարկներով չկատարելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտման հետ մեկտեղ, բացահայտում և հստակ ի ցույց են դնում Ադրբեջանի ղեկավարության իրական տրամադրվածությունն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի նկատմամբ։ Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները հավասարապես վկայում են միջազգային իրավունքին հավատարմության և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու ցանկության բացակայությունը:
Պարո՛ն նախագահող,
Այժմ ցանկանում եմ անդրադառնալ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների և այլ պահվող անձանց հարցին:
Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն՝ Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 անձ, այդ թվում՝ երեքը քաղաքացիական: Ավելին, 2023 թվականի մայիսի 26-ին` Բրյուսելի և Մոսկվայի հանդիպումներից հետո, մարտական դիրքեր պաշար և ջուր տեղափոխող՝ Հայաստանի զինված ուժերի ևս երկու զինծառայողներ են առևանգվել Ադրբեջանի` Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած զինված ստորաբաժանման կողմից: Հուլիսի 7-ին նրանք դատապարտվել են 11.5 տարվա ազատազրկման:
Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտումն է։
Պարո՛ն նախագահող,
Հարգելի՛ դեսպաններ,
ԵԱՀԿ-ն՝ իր մանդատով լիազորված իր կառույցներով, 1990-ականների սկզբից ներգրավված է եղել միջնորդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ցավոք, ուժի կիրառումը և պատերազմական ագրեսիան լուրջ հարված հասցրին այդ ջանքերին։
Թեպետ Ադրբեջանը սխալմամբ պնդում է, որ ԼՂ-ն այժմ ներքին խնդիր է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի գոյատևի Լեռնային Ղարաբաղում։
Չնայած Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա վատթարացումը սպառնում է լրջորեն վնասել ընթացող քաղաքական գործընթացին: Այսպիսով, Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պետք է հստակ գործողություններ ձեռնարկեն: Իրավիճակը պարզից էլ պարզ է. Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի խաղաղության հեռանկարներին։
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ահազանգել, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում: Ներկա իրավիճակը տեղում գնահատելու համար պահանջվում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը: Համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելը և տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը չափազանց մեծ կարևորություն ունեն:
Հայաստանը ակնկալում է ադրբեջանական կողմից.
Շնորհակալություն ուշադրության համար։
Ամփոփիչ ելույթ
Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն պատվիրակություններին, որոնք քիչ առաջ հստակ և աներկբա արտահայտվեցին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի անթույլատրելիության մասին:
Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Մենք այլևս չենք խոսում վերահաս ճգնաժամի մասին, մենք խոսում ենք շարունակվող հումանիտար աղետի մասին: Միջնադարյան գործելաոճը պետք է դադարեցվի: Այսպես չի կարող շարունակվել, եթե մենք լուրջ ենք վերաբերվում արժեքներին և սկզբունքներին։
Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ և ԵԱՀԿ-ն մասնավորապես չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք։
Լեռնային Ղարաբաղի պաշարումը և Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող հարցերը պետք է պատշաճ և բարեխիղճ կերպով հասցեագրվեն: Դա ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջմղման համար և այդքան երկար սպասված խաղաղություն կբերի տարածաշրջան։
Լռությունը, անտարբերությունն ու անգործությունն այլևս տարբերակ չեն։ Միջազգային մեխանիզմները պետք է արագ արձագանքեն նման իրավիճակների կարգավորման համար իրենց՝ մանդատով նախատեսված գործողությունների և գոյություն ունեցող գործիքակազմի շրջանակներում:
Շնորհակալություն։
comment.count (0)