Շառլ Միշելը խոսել է Աղդամի ուղությամբ Արցախին հումանիտար աջակցություն ուղարկելու «Ադրբեջանի պատրաստակամության» մասին
20:20 - 15 հուլիսի, 2023

Շառլ Միշելը խոսել է Աղդամի ուղությամբ Արցախին հումանիտար աջակցություն ուղարկելու «Ադրբեջանի պատրաստակամության» մասին

Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։ Այս մասին Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ․․․ Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»,- հայտարարել է Միշելը։

Միշելի խոսքով եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը։

«ԼՂ-ում ապրող բնակչությանը պետք են երաշխիքներ։ Առաջնահերթը իրավունքներն ու անվտանգությունն են։ Այս համատեքստում ընդգծել եմ՝ ԵՄ-ն կարևոր է համարում Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը»,- հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահը՝ հավելելով, որ այս երկխոսությունը պետք է անհրաժեշտ վստահություն ապահովի ներգրավված բոլոր կողմերի համար։

Նա նաև տեղեկացրել է, որ ամռանից հետո ևս մեկ եռակողմ հանդիպում տեղի կունենա։ Բացի դրանից՝ Գրանադայում տեղի կունենա նաև հնգակողմ հանդիպում Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել