Մակրոնի հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ
19:57 - 29 հունիսի, 2023

Մակրոնի հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Անընդունելի են Մարսելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի դեմ արած հայտարարությունները, որոնք միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին եւ չեն արտացոլում ճշմարտությունը։ Այսպիսի հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը։ 

Հայտարարության առիթ է հանդիսացել ՀՅԴ պաշտոնական կայքում զետեղված այն հրապարակումը, ըստ որի Մակրոնը Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով ներկաների խոսքերին, որ Արցախի շրջափակման եւ ադրբեջանական հարձակողապաշտ ընթացքի դեմ Մակրոնից սպասում են առավել ազդեցիկ նախաձեռնություն՝ գործնական եւ ոչ միայն բարոյական, ասել է հետեւյալը․ 

«Ես Ալիեւին վրայ աւելի ճնշում բանեցուցած եմ եւ կը բանեցնեմ քան նոյնինքն Փաշինեանը: Հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունիմ։ [․․․] Մի կասկածիք Արցախի եւ ընդհանրապէս Հայաստանի գծով վճռականութեանս: Պիտի շարունակեմ ջանքս, նոյնիսկ եթէ մինչ օրս այս օրակարգով գրեթէ միակն եմ միջազգային ընտանիքէն ներս: Գիտէք նաեւ, որ առաջին անգամ ըլալով Ֆրանսա Հայաստանի իր դեսպանութեան մօտ ուղարկեց զինուորական իր կցորդը, որ պէտք է որոշ բան նշանակէ, չէ՞: Մենք պիտի ընենք մեր կարելին, առաւելագոյնը»։
 
Ադրբեջանական կողմի հայտարարության մեջ ասված է․ «Է․ Մակրոնը, որը հիշվում է հակաադրբեջանական կրկնվող հայտարարություններով ինչպես 44-օրյա հայրենական պատերազմում, այնպես էլ հետկոնֆլիկտային շրջանում, չկարողացավ հասնել իր նպատակներին պատերազմական եւ հետպատերազմական ժամանակներում։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա ճնշում գործադրելու մասին պնդումը Ֆրանսիայի նախագահի երեւակայության արդյունքն է։ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվել։ Իր գործունեության ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը միշտ հաջողությամբ պաշտպանել է Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա։
 
Նախագահ Մակրոնի հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա հանդիսանում է ֆրանսահայ լոբբիի գործիք։ Հարկ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչը, որին նա փորձել է պարզաբանում տալ, հանդիսանում է այն ծայրահեղական անձանցից մեկը, որի դեմ Հայաստանը մուտքի արգելք է կիրառել։ 

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման եւ Ղարաբաղի շրջանը Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին Մակրոնի նմանատիպ կողմնակալ հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության ու հանդարտության հաստատմանը, խրախուսում են ապակառուցողական գործունեությունը նրանց, որոնք պրոպագանդում եւ աջակցում են անջատողականությանն ու ահաբեկչությանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

ՀՅԴ կայքում հրապարակված նյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ՝ առանց խմբագրման․

«Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոն Մարսէյ եռօրեայ այցելութեան ծիրէն ներս հանդիպում ունեցաւ Մարսէյի ազդեցիկ տարբեր շրջանակներու (տնտեսական, ճարտարարուեստի, քաղաքական, համայնքային,մարզական, մշակութային, առեւտրական, գիտական-կրթական, եւայլն) հետ, զոր հրաւիրած էր անձամբ:

Սոյն երեկոյին, Մարսէյի հայ համայնքի ներկայացուցիչներու հետ իր հանդիպումին, որուն ներկայ էր նաեւ Ազգային Ժողովի պատգամաւոր Սապրինա Ակրեսթի-Ռուպաշ, պատասխանելով իրեն ուղղուած դիմումին՝ «պարոն նախագահ, Արցախի շրջափակման եւ ազերիական յարձակողապաշտ ընթացքին դէմ ձեզմէ կը սպասենք առաւել ազդու նախաձեռնութիւն, գործնակա՛ն եւ ոչ միայն բարոյական», ըսաւ հետեւեալը. «Ես Ալիեւին վրայ աւելի ճնշում բանեցուցած եմ եւ կը բանեցնեմ քան նոյնինքն Փաշինեանը: Հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունիմ»:

Նախագահին այս պատասխանին, ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեան ըսաւ. «պարոն նախագահ, մենք իբրեւ Ֆրանսայի քաղաքացի մենք ձեզի կը դիմենք որպէս մեր նախագահը, ինչպէս նաեւ Մինսկի խումբի համանախագահ, եւ կ‘ակնկալենք, որ ցուցաբերէք Արցախի մեր հայրենակիցներուն գործնական զօրակցութիւն:

Գիտենք, որ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպութեանց համակարգող խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեան տարբեր առիթներով արծարծած է ձեր հետ Արցախի տագնապալի եւ յուժ մտահոգիչ կացութիւնը, մենք մեր կարգին կը դիմենք ձեզի միեւնոյն պահանջով ու միեւնոյն հարթութեամբ: Պէտք է յստակ ըլլայ նաեւ, որ մեզի համար անընդունելի է հայապատկան դարաւոր Արցախը Ատրպէյճանի կազմին մէջ տեսնելու որեւէ խօսակցութիւն կամ մտադրութիւն»:

Նախագահ Մաքրոն եզրակացուց. «Մի կասկածիք Արցախի եւ ընդհանրապէս Հայաստանի գծով վճռականութեանս: Պիտի շարունակեմ ջանքս, նոյնիսկ եթէ մինչ օրս այս օրակարգով գրեթէ միակն եմ միջազգային ընտանիքէն ներս: Գիտէք նաեւ, որ առաջին անգամ ըլալով Ֆրանսա Հայաստանի իր դեսպանութեան մօտ ուղարկեց զինուորական իր կցորդը, որ պէտք է որոշ բան նշանակէ, չէ՞: Մենք պիտի ընենք մեր կարելին, առաւելագոյնը»»։

Լուսանկարը՝ ՀՅԴ կայքից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել